Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Մալյանի՝ ԱԺ կատարած այսօրվա այցից է մեջբերումը։ Իմ կարծիքով՝ Աղվան Վարդանյանի հետ նրա երկխոսության այս փոքրիկ հատվածն իրականում բազում շերտեր է պարունակում իր մեջ։ Համենայն դեպս, նման զգացողություն ունեմ։ Ապագայում սա կարող է անգամ գրական ինչ-որ ստեղծագործության սյուժե դառնալ։ - Եվ վերջինը, պարոն Մալյան։ Ովքեր գալիս են իմ սենյակ, անպայման ես խնդրում եմ, պարտադրում եմ, որ խոնարհվեն մեծերի առաջ և նոր միայն հեռանան, - ասաց Վարդանյանը՝ հայացքն ուղղելով պատին կախված մեծերի նկարներին։ - Այսինքն պետք է պարտադիր խոնարհվե՞մ, - զարմացած արձագանքեց Մալյանը։ P.S. Սխալ ասեցի։ Ոչ մի գրական գործի սյուժե էլ չի։ Այսքանով արդեն իսկ գրական գործ է»։ |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը պետք է համախմբվի և ուժով դիմակայի ստեղծված ագրեսիային:
«Թշնամին չի կարող մեզ դուրս մղել ասպարեզից, քանի որ յուրաքանչյուր հերոսի ձեռքից երբ դրոշն ընկնում է, հարյուրավոր այլ հերոսներ վերցնում են այն և դիմակայում այն անարդարությանը, որ կատարում են այդ անմարդկային ուժերը»,- ասել է նա՝ հավելելով, – «Մենք ագրեսոր չենք, սակայն այսօր, ավելի քան երբևէ, կարիք ունենք համախմբվածության: Իրանի ողջ ժողովուրդը պետք է ուժով դիմակայի ստեղծված ագրեսիային: Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն, և միասնաբար դիմակայենք այս հանցավոր, ցեղասպան ագրեսիային»:
Ըստ Իրանի նախագահի՝ պնդում են, թե իրենց երկիրը չպետք է ձեռք բերի միջուկային զենք, մինչդեռ իրենք ընդհանրապես նման մտադրություն չունեն:
Փեզեշքիանը շարունակել է. «Մենք իրավունք ունենք օգտվել միջուկային էներգիայից և այն հետազոտություններից, որոնք օգտակար են մեր հասարակության համար»:
Ըստ Փեզեշքիանի՝ ԱՄՆ-ն թույլ է տալիս Իսրայելին՝ հարձակվել Իրանի վրա․ «Մենք երբեք պատերազմ չենք սկսել և չենք եղել դրա նախաձեռնողը»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին:
Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել հանրապետությունում արդյունաբերության գերակա ճյուղ համարվող, ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սև մետաղների վերամշակումը, ստեղծել նոր աշխատատեղեր, ընդլայնելով արդյունաբերական հզորությունները, շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ:
Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում:
Իրանը հայտնել է միջնորդներին, որ պատրաստ չէ բանակցել հրադադարի շուրջ, քանի դեռ չի պատասխանել Իսրայելի հարվածներին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
«Իրանցիները հայտնել են Կատարի և Օմանի միջնորդներին, որ լուրջ բանակցություններ կվարեն միայն այն բանից հետո, երբ Իրանն ավարտի իր պատասխանն Իսրայելի կանխարգելիչ հարվածներին: Իրանը հասկացրել է, որ հարձակման սպառնալիքի տակ չի բանակցելու», - ասել է աղբյուրը:
Աղբյուրը նշում է, որ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Թեհրանը խնդրել է Օմանին և Կատարին ներգրավել ԱՄՆ-ին հրադադարի հաստատման և միջուկային բանակցությունների վերսկսման մեջ, ճշգրիտ չեն:
Օմանը վերջին ամիսներին միջնորդում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններում, թեև վերջին փուլը հետաձգվեց Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողություն սկսելուց մեկ օր անց:
Երևանի քաղաքապետարանի այսօրվա խորհրդակցությունում քննարկվել է նաև նոր տրոլեյբուսների ձեռքբերման հարցը:
Այս տարի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 45 տրոլեյբուս:
Գնման գործընթացի համաձայն՝ «YUTONG BUS CO» LTD-ի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:
Հունական To Vima օրաթերթում ծավալուն հոդված է հրապարակվել Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության օրակարգի մասին։
Հոդվածի հեղինակ Տիգրան Ղալումյանը նշում է՝ երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և հասնել Ադրբեջանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի, միջազգային հանրությունը դրան արձագանքեց քաղաքավարի հետաքրքրությամբ, բայց փոքր գործողություններով։
Սակայն, հոդվածի հեղինակի խոսքով, սեղանին դրված է շատ ավելին, քան հետխորհրդային երկու երկրների միջև երկկողմ պայմանագիրն է։
«Հայաստանի խաղաղ նախաձեռնությունը լակմուսի թուղթ է Հարավային Կովկասի ապագա դիվանագիտության, ժողովրդավարության և կայունության համար. տարածաշրջան, որը հաճախ անտեսվում է, բայց կարող է որոշիչ նշանակություն ունենալ Եվրոպայի ռազմավարական հետաքրքրությունների համար»,- նշում է հոդվածի հեղինակը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանն այդ առաջարկով համարձակ խաղադրույք է կատարել. դիվանագիտությունը կարող է հաջողության հասնել այնտեղ, որտեղ պատերազմը ձախողվել է, և պատմական դժգոհությունները ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թողած խորը վերքերը, կարող են իրենց տեղը զիջել համակեցության ապագային։ «Սա միամիտ տեսլական չէ, սա ռազմավարական անհրաժեշտություն է»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։
Նա հիշեցնում է, որ երեք տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հակամարտության մեջ, որի կենտրոնում է էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղը։
«1990-ականների սկզբի պատերազմը հանգեցրեց Հայաստանի վերահսկողությանը տարածաշրջանի և հարակից տարածքների նկատմամբ։ Սակայն 2020 թվականին երկրորդ պատերազմը՝ ավելի կարճ, ավելի դաժան և տեխնոլոգիապես ավելի զարգացած, հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը վերադարձրեց այդ հողերի մեծ մասը Թուրքիայի աջակցությամբ։ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը փխրուն էր հենց սկզբից։
Այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանը ենթարկվել է սեյսմիկ փոփոխությունների։ Ռուսաստանի Դաշնությունը, որը մի ժամանակ տարածաշրջանի հիմնական անվտանգության երաշխավորն էր, շրջվել է դեպի ներս՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան և Իրանը ընդլայնել են իրենց ազդեցությունը Կովկասում։ Եվրոպան, որը մտահոգված է էներգետիկ անվտանգությամբ և միգրացիայով, միայն վերջերս է վերսկսել փոխգործակցությունը դիվանագիտական ուղիներով։
Այս ֆոնին Հայաստանի վարչապետի խաղաղության առաջարկը ուշագրավ է թե՛ տոնայնությամբ, թե՛ բովանդակությամբ։ Առաջարկի հիմքում ընկած է Հայաստանի պատրաստակամությունը միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը՝ որպես երկու ազգերի միջև խաղաղ համակեցության հիմնարար սկզբունք։ Սա ներառում է երկու կողմից էլ դժվար փոխզիջումներ և արտացոլում է Հայաստանի հանձնառությունը միջազգային իրավունքի, երկխոսության և տարածաշրջանային կայունության վրա հիմնված ապագայի նկատմամբ»,- ասված է հոդվածում։
Հոդվածագիրն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած խաղաղության օրակարգի ռիսկերին։ Նա նշում է, որ ներքին կյանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվում է քաղաքական հակառակորդների և հանրության որոշ զանգվածների կոշտ քննադատությանը, որոնք խաղաղության պլանը համարում են դավաճանություն։ Նրա խոսքով՝ ազգային տրավման, հատկապես 2020 թվականի պատերազմում մարդային կորուստներից և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո, խորը արմատներ ունի։
«Տարածաշրջանային մակարդակում կան մտավախություններ, որ ռազմական հաղթանակներից քաջալերված և Անկարայի աջակցությունն ունեցող Ադրբեջանը կարող է Հայաստանի զիջումները մեկնաբանել ոչ թե որպես բարի կամք, այլ որպես թուլություն և ավելին պահանջել։ Իրոք, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի առաջ մղումը Հայաստանի հարավային Սյունիքի մարզով մտահոգություն է առաջացրել Հայաստանի ինքնիշխանության հնարավոր խախտումների վերաբերյալ»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ, չնայած այս վտանգներին, հնարավոր օգուտները կարող են փոխակերպող դեր խաղալ։
Նշվում է, որ երկարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ապաշրջափակել առևտրային ուղիները, ներգրավել օտարերկրյա ներդրումներ և արագացնել իր ժողովրդավարական զարգացումը։ Դա նաև Հարավային Կովկասը կդիրքավորի որպես հուսալի միջանցք Արևելք-Արևմուտք հաղորդակցության համար, ինչը Եվրամիության «Գլոբալ դարպասներ» ռազմավարության առաջնահերթություններն է, որը չինական և ռուսական երթուղիներին այլընտրանքներ է փնտրում։
Վերը նշվածի համատեքստում անդրադառնալով Եվրոպայի դերին՝ հոդվածի հեղինակը շեշտում է, որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ կողմնակի դիտորդի դեր։ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ լինել կողմնակի դիտորդ։
«Հարավային Կովկասը կարող է հեռու թվալ, բայց այն պայքարի առաջնագիծ է ժողովրդավարական դիմադրության և ավտորիտար էքսպանսիոնիզմի միջև։ Հայաստանը միակն է իր հարևանների շրջանում, որն ընդունել է ժողովրդավարական բարեփոխումները, թափանցիկությունը և քաղաքացիական հասարակության հզորացումը՝ միաժամանակ բախվելով անվտանգության գոյաբանական սպառնալիքների։
Խաղաղության համաձայնագիրը ոչ միայն կկայունացնի անկայուն սահմանը, այլև կուղարկի ուժեղ ազդանշան, որ դիվանագիտությունը՝ նույնիսկ բարդ էթնիկ հակամարտություններում, դեռևս հնարավոր է։ ԵՄ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում գովելի էր, բայց սահմանափակ։ Հիմա ժամանակն է, որ Բրյուսելը խորացնի իր ներգրավվածությունը՝ ոչ միայն երկխոսության հարթակների միջոցով, այլև իրական աջակցությամբ՝ սահմանային մոնիտորինգի առաքելություններով, ներդրումային փաթեթներով և քաղաքացիական հասարակությունների միջև գործընկերությամբ։
Ավելին, Եվրոպան պետք է միանշանակ պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայկական վերահսկողությունը շրջանցող միջանցքի կոչերը պետք է հանդիպեն ամուր դիվանագիտական դիմադրության։ Խաղաղությունը չպետք է պարտադրվի. այն պետք է կառուցվի փոխադարձ ճանաչման և հավասար արժանապատվության վրա»,- ասված է հոդվածում։
Հոդվածագրի խոսքով՝ այս պահը տարբերվող է ոչ միայն աշխարհաքաղաքականությամբ, այլև սերնդափոխությամբ։ Նրա գնահատմամբ՝ ամբողջ Հաաստանում երիտասարդ սերունդը հիասթափություն են հայտնում անվերջ պատերազմներից և գաղափարական մեկուսացումից։ «Նրանք խաղաղություն են ուզում ոչ միայն որպես հակամարտության բացակայություն, այլևս որպես հիմք հնարավորությունների՝ աշխատատեղերի, մոբիլության, նորարարությունների և աշխարհի հետ կապի։ Այս տեղաշարժը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ է։ Թբիլիսիից մինչև Կիև, Երևանից մինչև Քիշնև, նոր սերունդը մերժում է անցյալի ֆատալիզմը։ Նրանք պահանջում են, որ լիդերները ձեռնարկեն համարձակ, պատասխանատու քայլեր ինտեգրացիայի, այլ ոչ թե դեինտեգրացիայի ուղղությամբ։ Խաղաղության առաջարկը, որքան էլ այն կատարյալ չլինի, այդպիսի քայլերից մեկն է»,- գրում է հոդվածի հեղինակը։
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Հայաստանի վարչապետի խաղաղության առաջարկը պարզապես քաղաքական մանևր չէ։ Նրա խոսքով՝ այն Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային հանրության կամքը ստուգելու թեստ է։
«Կընտրե՞նք մենք համագործակցությամբ և երկխոսությամբ հաստատված ապագա, թե կվերադառնանք պատերազմի և վրեժխնդրության ցիկլին։ Պատմությունը հետևում է, և տարածաշրջանի երիտասարդները նույնպես հետևում են, որոնց կյանքը կախված է այսօր կատարվող ընտրությունից»,- եզրափակում է հոդվածագիրը։
Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը, սա երկրի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի անփոփոխ դիրքորոշումն է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Պետության հստակ դիրքորոշումը, որը Գերագույն առաջնորդը բազմիցս նշել է, միջուկային զենքի տիրապետումից և միջուկային զենք մշակելու ձգտումներից հրաժարվելն է։ Հակառակ դիրքորոշում ընդունող յուրաքանչյուր ոք տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության ձևավորման գործում»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ |
Իսրայելը հարձակվել է Քերմանշահի հիվանդանոցի վրա։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ հիվանդանոցը վնասվել է, սարքավորումների մի մասը՝ շարքից դուրս եկել։ Կան զոհեր, որոնց թիվը կհայտարարվի ավելի ուշ։ |
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար ՂԱզարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյան, ով նախկինում, Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն համագործակցության շրջանակներում, երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, պատիվ չի համարում ՀՀ քաղաքացու հետ քննարկել իր, որպես հանրային ծառայողի, պարտականությունների կատարման կամ, ավելի շուտ, թերանալուն առնչվող հարցերը։
Նա նաև անպատասխան է թողել 2025 թվականի ապրիլի 28-ին իրեն հասցեագրված իմ գրությունը` խախտելով քաղաքացիների նամակների, բողոքների և առաջարկությունների օրենքի պահանջները։
Փաստորեն, բացի դրանից, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում Աղվան Վարդանյանի դիրքորոշումներն ամբողջությամբ համընկնում են «Քաղաքացիական պայմագիր» խմբակցության պատգամավորներից շատերի դիրքորոշման հետ, գրեթե նույնանման է նաև նրանց վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Հ.Գ. Նարեկ Մալյանի հետ զրույցի սկզբում, ակնհայտ արհամարհական ու վիրավորական ձևով, նրան «պարոն Անվստահություն», իսկ ինձ` «պարոն Իմպիչմենտ» անվանելով, պարզվեց նաև, որ պարոն Վարդանյանը նաև տափակ հումորի մեծ վարպետ է»։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները:
Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտները փաստացի կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ, որը 7 տոկոսով ավելի բարձր է, քան 2023 թվականին, ՀՆԱ-ն պահպանվել է նույն՝ 25,5 տոկոս մակարդակում, կատարողականը կազմել է 95,8 տոկոս: Ծախսերը կազմել են 2 տրիլիոն 955 մլրդ դրամ, եւ 13,7 տոկոսով ավելի բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից, կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Դեֆիցիտը կազմել է 376 մլրդ դրամ, կատարողականը՝ 82 տոկոս:Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հաջորդիվ ներկայացրել են նախորդ տարի ոլորտներում իրականացված աշխատանքները՝ ըստ ուղղությունների:
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն արժանացել է դրական եզրակացության: