Իսրայելի ռազմական գործողության նպատակն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ղեկավարությանը հեռացնելը չէ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։
«Ռեժիմը փոխելու նպատակ չկա։ Այս գործողության մեջ Իսրայելի նպատակը դա չէ», - հունիսի 16-ին լրագրողներին ասել է Գալպերինը։
Նրա խոսքով՝ Իսրայելի դիրքորոշման համաձայն՝ քաղաքական իշխանության հարցը պետք է որոշի Իրանի ժողովուրդը։ Բացի այդ, Իսրայելը գործողության ստույգ ժամկետներ և գործողության սահմաններ չի դնում, հայտարարել է դեսպանը։
Պակիստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի։
Լուրը հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Իրանի Առողջապահության նախարարը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 1800 մարդ:
Անկարայում Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին և ծրագրվող շփումներին, այդ թվում՝ ի շարունակություն 2024 թ. նոյեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Հելսինկի կատարած այցի:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Իսրայելի ագրեսիվ ռեժիմի կողմից իրականացված ևս մեկ հանցագործություն. Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի Ֆարաբի հիվանդանոցը դարձել է Իսրայելի ռեժիմի ագրեսիվ հարձակումների թիրախ։ Հիվանդանոցների վրա հարձակումը բնակելի տարածքների հետ մեկտեղ միջազգային կանոնների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն, սակայն սա ռեժիմի պաշտպանության նախարարի կողմից տրված հրահանգ է՝ հարձակվել բնակելի տարածքների վրա։ Պատմությունը խստորեն կդատի այս ագրեսիվ և ցեղասպան ռեժիմի կողմնակիցներին և արդարացնողներին»։
ԱՄՆ-ը պետք է կանգնեցնի Իսրայելի հարձակումները Թեհրանի վրա՝ բանակցությունները վերսկսելու համար:
Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վերսկսել բանակցությունները, ապա նախ պետք է դադարեցնի Իսրայելի տարածաշրջանային ագրեսիան»,- ասել է նա։
Փեզեշքիանը հավելել է, որ «Իրանը չի ձգտում ընդլայնել պատերազմը», սակայն կպատասխանի «իրանական հողի վրա ցանկացած հարձակման»։
Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 17-ի Երևանի ժամանակով ժամը 02:30-ը: Այս մասին Mehr գործակալությանը հայտնել է իսլամական հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Մեհդի Ռամեզանին:
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի Երևանի ժամանակով ժամը 14։30-ը։
Իրանն իր օդային տարածքը փակել էր հունիսի 13-ի առավոտից՝ իսրայելական հարձակումներից հետո։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրատապ նախազգուշացում է արել Թել Ավիվի բնակիչներին.
«Ձեր իսկ անվտանգության համար խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այս քաղաքը (Թել Ավիվ), և այլևս երբեք չվերադառնալ»։
ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան իրանական Fars գործակալության հաղորդմամբ, մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Էսմայիլ Ֆեքրին (ազգությամբ թուրք-խմբ.)։ Հիմա եկեք շատ կարճ պատմեմ Իրանում մահապատժի մասին։ Իրանում մահապատիժը մինչ օրս կիրառվող պատժամիջոց է՝ որոշ ծանր հանցագործությունների դեպքում։ Չնայած աշխարհի շատ երկրներում այն վերացված է կամ կիրառվում է շատ հազվադեպ, Իրանը համարվում է աշխարհի այն պետություններից մեկը, որտեղ ամենաշատ մահապատիժներն են իրականացվում։ Ի՞նչ հանցանքների համար է մահապատիժը կիրառվում։ Իրանում մահապատժի ենթակա հանցագործություններն ընդգրկում են՝ Սպանություն, հատկապես միտումնավոր ու ծանր հանգամանքներում, Թմրանյութերի անօրինական շրջանառություն, եթե քանակը մեծ է, Սեռական բնույթի հանցանքներ, ինչպես՝ բռնաբարություն կամ մանկապղծություն, Պետության դեմ ուղղված հանցանքներ, օրինակ՝ լրտեսություն կամ ապստամբություն, Սոդոմիա և «մահացու մեղքեր», ըստ շարիաթական օրենքների՝ երբեմն կիրառվում է մահապատիժ նաև սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ կապված դեպքերում: Ինչպե՞ս է իրականացվում Իրանում մահապատիժն առավել հաճախ իրականացվում է պարանով կախելու միջոցով։ Հատուկ կառուցված հրապարակներում՝ երբեմն հանրային, երբեմն փակ պայմաններում։ Իսկ որոշ դեպքերում՝ հատկապես «վտանգավոր հանցագործների» նկատմամբ, այն կարող է տեղի ունենալ շատ արագ, առանց վերջնական բողոքարկման իրավունքի։ Ի՞նչ է ասում օրենքը Իրանի իրավական համակարգը հիմնված է իսլամական շարիաթի վրա։ Մահապատիժը համարվում է «ղեսաս» (պատժի հատուցում) կամ «հադ» (Աստծո կողմից սահմանված պատիժ), ուստի շատ դեպքերում այն պարտադիր է՝ դատարանի որոշումից հետո։ Միևնույն ժամանակ, որոշ դեպքերում սպանվածի ընտանիքը կարող է ներել հանցագործին՝ ընդունելով փոխհատուցում (դիյե), և այդ դեպքում մահապատիժը չի իրականացվում»: |