Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի

Հրապարակայնորեն ներեղություն խնդրեք Ձեր արտաբերած խոսքերի համար

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարոն Մարության, մինչ Դուք զբաղված էիք «Ազիզյանների» հերթական սերիան նկարահանելով և եթերն անպարկեշտ, ցածրորակ ու հակադաստիարակչական տեքստերով լցնելով, Երևանի նախորդ ավագանու ընդդիմադիր ուժերն իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում Երևանի կառավարումը փրկելու գործում։ Այդ մարդկանց ջանքերի շնորհիվ ավագանին սկսեց գործել որպես քաղաքապետարանի կառավարումն իրապես վերահսկող կառույց։ Կարծում եմ` պարզապես անշնորհակալ ու ամոթալի է նրանց կատարած աշխատանքը չտեսնելու տալը։ Ավելին, ես վստահ եմ, որ նաև նրանց գործունեության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հեղափոխություն և Ձեզ նվիրել քաղաքապետի աթոռը։ Ինչևէ, կատարած աշխատանքն ու պայքարը չտեսնելը Ձեր սուբյեկտիվ մոտեցումն ու խնդիրն է։ Քանի որ Դուք այդքան «արդարամիտ» ու Երևանի բյուջեն «խնայող» դուրս եկաք, ապա, որպես այդ դաշտում «կռիվ տված» մարդ և ՀՀ հպարտ քաղաքացի, պահանջում եմ, որ Դուք`

1. հրապարակայնորեն ներողություն խնդրեք Ձեր արտաբերած խոսքերի համար,
2. դադարեցնեք ներկայիս ավագանու անդամներին 55 000 դրամ փոխհատուցում տրամադրելը, քանի որ մենք համոզված չենք, որ նրանք այդ գումարն ստանալով ինչ-որ բարենպաստ գործ կկատարեն մեր քաղաքի համար:

Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի»։