«Ինքը դրսում պարտավորություններ  ունի, և այդ պարտավորությունները կատարում է մեր հաշվին (ստացել է իշխանություն դրսի ազդեցությամբ)». քաղաքագետ

Մանրամասներ

«ՀՀ-ն շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին», «միջազգային հանրության կողմից կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը», «առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը», և այլն. Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստն ամփոփելով՝ ահա այս և այլ հայտարարություններով այսօր Կառավարության նիստը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե 8 ամիս շրջափակումից հետո, բացի արձանագրումներից, ի՞նչ դինամիկա պետք է սպասել շրջափակված Արցախի հարցով:

Հանրային, քաղաքական ու մասնագիտական լայն շրջանակներն այս նիստից, սակայն, մեծ ակնկալիքներ չունեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ՀՀ-ում գործող իշխանությունների մինչ այս արձանագրած դիվանագիտական ձախողումները:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ ակնկալիքներ չունի ՄԱԿ ԱԽ նիստից, թե ինչու՝ մանրամասնեց.

«Միջազգային հարաբերություններն այժմ փլուզված են, և միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունն իջել է պատմականորեն ամենացածր նշաձողին: Կան մի քանի առանցքային երկրներ, որոնք իրենց շահերն են առաջ տանում (դրանք ունեն նաև պատերազմական բնույթ՝ ինչպես Ուկրաինայում, իսկ որոշ տեղերում էլ՝ կոշտ մրցակցություն): Այսինքն, այստեղ մարդասիրական հարցերը, Ցեղասպանության մասին քննարկումները որևէ նշանակություն չունեն»:

Ի պատասխան հարցին՝ մեր տարածաշրջանում այդ շահերն առաջ մղելու այս պրոցեսները կսահմանափակվեն կոշտ մրցակցությա՞մբ, թե՞ հնարավոր են նաև գործողություններ, քաղաքագետը նկատեց՝ հնարավոր են գործողություններ, եթե որևէ կողմ՝ ինչպես Արևմուտքը և, մասնավորապես, Մեծ Բրիտանիան կարողանա պատերազմական իրավիճակներ ստեղծել, ապա նրանք այդ պատերազմը կհրահրեն:

«Այսօրվա իրավիճակում Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, հաշվի առնելով սեփական խնդիրները, փորձում են հնարավորինս իրավիճակը չհասցնել պատերազմի, բայց յուրաքանչյուրն իր շահերն է առաջ քաշում՝ և՛ միմյանց հաշվին, և՛ այնպիսի փոքր երկրների՝ ինչպես Հայաստանն է»,- մանրամասնեց նա:

Հստակեցմանը՝ եթե իրավիճակն օբյեկտիվորեն այնպիսինն է, որ որոշումները ենթադրում են աշխարհաքաղաքական կոնսենսուս, արդյո՞ք սա նշանակում է, որ առկա խնդիրների հասցեատերը գործող իշխանությունը չէ, Ստեփան Դանիելյանն արձագանքեց.

«Հասցեատերը միանշանակ իշխանությունն է, որովհետև թեև կան օբյեկտիվ իրականություն և զարգացման տենդենցներ, բայց պետք է լինի գրագետ և ազգային շահով առաջնորդվող իշխանություն, որը ճիշտ վերլուծի՝ ինչ գործընթացներ են գնում, և ճիշտ քայլեր ստանա, որ հարվածներ չուտի:

Այդ 2020 թվականի պատերազմը նաև այս իշխանության մեղքն էր, որը չէր հասկանում՝ ինչ պրոցես է գնում, և ինչ քայլեր է պետք անել, ու հնարավոր է՝ պատերազմ չլիներ, մենք այլ իրավիճակում լինեինք:

Իհարկե, այս իշխանությունը պատասխանատու է, և մինչև չհեռանա՝ մենք այս իրավիճակը փոխել չենք կարող, որովհետև ինքը դրսում պարտավորություններ  ունի, և այդ պարտավորությունները կատարում է մեր հաշվին (ստացել է իշխանություն դրսի ազդեցությամբ)»: