Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են. Արտակ Դավթյան

Անմիջապես մարտական ծառայության հետ կապված կորուստների քանակը պակասում է 56 տոկոսով և ավելի

Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով: Այս մասին այսօր նախագահականում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` նշելով, որ միայն այս տարի բանակում մահացության ներքին դեպքերը 63-ն են եղել:

«Իսկ անմիջապես մարտական ծառայության հետ կապված կորուստների քանակը պակասում է 56 տոկոսով և ավելի: 63-ի մեջ 20-ից ավելի դեպքերը կապված չեն ծառայության հետ, հատկապես պայմանագրային զինծառայողների պարագայում, որոնք գտնվել են արձակուրդի մեջ. դրանք կապված են հիվանդության, ավտովթարների հետ»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը,  եթե կան անձինք, որոնք հիվանդություն են ունեցել, ապա ինչո՞ւ են բանակում ծառայել, Արտակ Դավթյանն ասաց, որ եթե հարցը ժամկետային  զինծառայողներին է վերաբերում, ապա պիտի հարցնել ռազմաբժշկական հանձնաժողովին, իսկ եթե խոսքը սպայական անձնակազմի, պայմանագրայինների մասին է, ապա կան հիվանդություններ, որոնք կանխատեսել հնարավոր չէ, ձեռք են բերվում ծառայության ընթացքում: