Առյուծները հոշոտել են իրենց վանդակը մտած տղամարդուն

Հնդկաստանում արտակարգ դեպք է տեղի ունեցել

Հնդկաստանում առյուծները կերել են մի տղամարդու, ով մտել է նրանց վանդակը՝ հայտնում է Lenta-ն:

Հնդիկ տղամարդը առանց տոմսի ներթափանցել է Մոխալի քաղաքի գազանանոց եւ մտել ասիական առյուծների վանդակը։ Այնտեղ հասնելու համար նա ստիպված է եղել հաղթահարել մի քանի մետրանոց ցանկապատը, որի վրա փշալարեր են եղել։

Զբոսաշրջիկներին գազանանոց տանող ավտոբուսների վարորդները նկատել են դա և շտապօգնություն ու ոստիկանություն են կանչել:Ականատեսները  պատմել են, որ հնդիկին մոտ տասը րոպե հոշոտում էին երկու առյուծներ։ Վանդակում գտնվող մյուս երկու առյուծները դրան չեն մասնակցել։

Տուժածին հանել են վանդակից եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Տղամարդը լուրջ վնասվածքներ էր ստացել` աջ աչքի եւ պարանոցի վնասվածքներ, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ ազդրի կտրվածքներ՝ հայտնում է The Indian Express-ը։

Միջադեպից հետո գազանանոցը ժամանակավորապես փակել են։ Զոհի ինքնությունը դեռ պարզված չէ, նրա մոտ չի եղել ո՛չ բջջային հեռախոս, ո՛չ փաստաթղթեր։ Արտաքինից տղամարդը 22-25 տարեկան է։

Ասիական առյուծները միայն Հնդկաստանի տարածքում են ապրում եւ մեռնող տեսակ են համարվում։ 2015թ․ տվյալներով՝ աշխարհում մնացել է ընդամենը 523 ասիական առյուծ։