Ուկրաինային օգնելու նպատակով ԱՄՆ-ն հատուկ գեներալի կնշանակի. The Wall Street Journal

Մանրամասներ
ա

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է մոտ ապագայում անուն տալ Ուկրաինային աջակցության իր առաքելությանը, հայտնում է The Wall Street Journal-ը:

Առաքելությունը ղեկավարելու համար կընտրվի ամերիկացի գեներալներից մեկը։ Հրատարակության տեղեկության համաձայն՝ ԱՄՆ իշխանություններից ակնկալվում է, որ կընտրեն երկու կամ երեք աստղ ունեցող գեներալի (համարժեք է գեներալ-մայորի ու գեներալ-լեյտենանտի կոչումներին)։

Առաքելությանն անուն տալու որոշումը մասամբ հնարավորություն կտա պարգևներ շնորհել դրան մասնակցող զինվորականներին, պարզաբանում է WSJ-ը։

Պենտագոնը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ Կառույցի խոսնակ Պատրիկ Ռայդերը ճեպազրույցում ասել է, որ ինքը «տեղյակ չէ Ուկրաինային օգնելու առաքելություն կազմակերպելու ծրագրերի մասին»։

Օգոստոսի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 2,9 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրանշի մասին, որը Վաշինգտոնի օգնության բոլոր փաթեթներից ամենամեծն է։ ԱՄՆ իշխանությունները Կիևից ակնկալում են այդ գումարով հակաօդային պաշտպանության համակարգերի, ռադարների գնում։ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենի վարչակազմի օրոք Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը գերազանցել է 10 միլիարդ դոլարը։