Twitter-ի տնօրենների խորհուրդը հակված չէ ընդունել միլիարդատեր Իլոն Մասկի՝ Twitter-ը գնելու առաջարկը

Մանրամասներ
ա

Twitter-ի տնօրենների խորհուրդը հակված չէ ընդունել միլիարդատեր Իլոն Մասկի՝ Twitter-ը գնելու առաջարկը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը The Information-ին հայտնել է, որ Մասկի՝ ընկերությունը ձեռք բերելու փորձը ցանկալի չէ տնօրենների խորհրդի համար:

Ընկերությունում դիտարկում են «թունավոր հաբեր» կոչվող մեթոդի կիրառումը՝ Իլոն Մասկին ընկերությունը գնել  թույլ չտալու համար, հայտնում է The New York Times-ը:

The Times-ը հավելել է, որ տնօրենների խորհուրդը հինգշաբթի հանդիպել է՝ Իլոն Մասկի՝ ընկերությունը 43 միլիարդ դոլարով ձեռք բերելու առաջարկը քննարկելու համար:

«Թունավոր հաբի» մարտավարության կիրառումը, որը նաեւ հայտնի է որպես բաժնետերերի իրավունքների պաշտպանության պլան, օգտագործվում է թշնամական կլանումներից խուսափելու համար՝ էապես նվազեցնելով ձեռքբերողի մասնաբաժինը շուկայում ավելի շատ բաժնետոմսեր ստեղծելու միջոցով կամ թույլ տալով այլ ներկայիս բաժնետերերին ավելի շատ բաժնետոմսեր գնել զեղչով: Դա թշնամական կլանումն ավելի ցավոտ է դարձնում ֆինանսական առումով:

Իլոն Մասկը Twitter-ի ամենախոշոր բաժնետերն է դարձել ապրիլի սկզբին, սակայն Vanguard Group-ը մեծացրել է իր մասնաբաժինը, գրում է Wall Street Journal-ը:

Մասկը նշել է, որ եթե իրեն չհաջողվի գնել ընկերությունը, ապա նա կմտածի իր մասնաբաժինը վաճառելու մասին։

«Ես ներդրում եմ արել Twitter-ում, քանի որ հավատում եմ ամբողջ աշխարհում ազատ խոսքի հարթակ դառնալու դրա ներուժին»,- նշել է Մասկը Twitter-ի նախագահ Բրեթ Թեյլորին ուղղված իր նամակում, փոխանցում է NYT-ը: