Սմարթֆոններն ու այլ գաջեթները նպաստում են մաշկի ծերացման գործընթացի արագացմանը

Մանրամասներ

1

Մաշկաբանների Բրիտանական Ասոցիացիայի գիտնականները պարզել են, որ սմարթֆոնների և այլ գաջեթներ արձակած կապույտ լույսը կարող է բացասաբար ազդել մաշկի վրա՝ նպաստելով ծերացման գործընթացների արագացմանը, գրում է The Sun-ը:

Վիճակագրական տվյալներով՝ մարդկանց 79%-ը քնելուց առաջ օգտագործում է սմարթֆոնը համացանցին միանալու համար, իսկ մարդկանց 28%-ը նույն նպատակով օգտագործում է սմարթֆոնն առավոտյան անմիջապես արթնանալուց հետո, սակայն գիտնականները պնդում են, որ նման սովորությունները կարող են շատ վատ ազդեցություն ունենալ մաշկի տեսքի ու առողջության վրա:

Մաշկաբանների խոսքով՝ սմարթֆոնների ու այլ գաջեթների արձակած կապույտ լույսը նպաստում է մաշկի «լուսային աղտոտվածությանը», ինչն էլ կարող է դառնալ ծերացման նշանների ի հայտ գալու պատճառ:

«Ուլտրամանուշակագույն լույսի համեմատ կապույտ լույսը  շատ ավելի խորն է ներթափանցում մաշկի մեջ, ուստի եթե դուք համացանցի սիրահար եք, ապա չզարմանաք մաշկի վրա մուգ հետքերի ի հայտ գալու դեպքում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռախոսներն, ամենայն հավանականությամբ, նպաստում են կնճիռների, մաշկի թուլության ու հիպերպիգմենտացիայի առաջացմանը», - նշում են մաշկաբանները:

Նրանց խոսքով՝ հեռախոսով երկար զրուցելու սիրահարների մոտ կարող են առաջանալ մուգ հետքեր այն հատվածներում, որտեղ մաշկը հպվել է սմարթֆոնի էկրանին: Նման հետքերը վկայում են այն մասին, որ մաշկն արդեն ենթարկվել է կապույտ լույսի ազդեցությանը: Այս դեպքում մաշկը սնվում է նման «լուսային աղտոտվածությունից» և արդյունքում ակտիվանում է դրանց տարածումը, ինչն էլ արագացնում է մաշկի ծերացումը: