Լեմպարդը ժամանել է «Չելսի»

Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ժամանել է Լոնդոնի «Չելսիի» «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոն։ Սպասվում է, որ առաջիկա ժամերին անգլիական ակումբի նախկին խաղացողը կնշանակվի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում, որը թափուր է իտալացի Մաուրիցիո Սարիի հեռանալուց հետո, հաղորդում է dailymail-ը։

Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր։ Լեմպարդը կստանա տարեկան 4,5 միլիոն եվրո, հաղորդել էր The Times-ը։

Լեմպարդը մարզչական կարիերան սկսել է 2018թ․ մայիսին։ «Դերբի Քաունթին» նրա գլխավորությամբ հանդես եկավ Պրեմյեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆում, սակայն 1։2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլային», գրում է  sport.news.am:

Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014 թվականներին, դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող։