Ռուսաստանի դեսպանի կոշտ ակնարկն Ադրբեջանին

Երևանի մոտ առայժմ ստացվում է

Ես կարծում եմ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը ակտիվորեն քննարկվում են կարգավորման գործընթացում, Երևանում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մամուլի ասուլիսի ընթացքում: Դեսպանը, իհարկե, հայտնել է, որ ինքը Հայաստանում դեսպան է և մանրամասն տեղեկացված չէ գործընթացից: Այդ պատասխանը սովորաբար տալիս են նաև Ֆրանսիայի և ԱՄՆ՝ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դեսպանները: Սակայն հատկանշական է, որ տեղեկացված չլինելով հանդերձ, դիվանագետը հայտարարում է, որ Վիեննան և Սանկտ Պետերբուրգը օրակարգում են: Դեսպանի այդ հայտարարությունն ակնարկ է Ադրբեջանին, որը վերջին օրերին լարում է իրավիճակը սահմանին: Դրան հաջորդել էր Երևանի կոշտ պատասխանը՝ Ադրբեջանի սպանած հայ զինվորի մահվան վրեժը հանելու և այդ առաջադրանքը կատարողներին բարձր պարգևատրման ներկայացնելու մասին:

Միաժամանակ, մինչ այդ էլ վարչապետ Փաշինյանը Ռուսաստանում իր ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Երևանը թե՛ Բաքվին, թե՛ համանախագահներին կոնկրետ և հստակ ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ հայկական կողմից չի եղել որևէ կրակոց, որի հետևանքով կարող էր զոհվել ադրբեջանցի մայորը: Հիշեցնենք, որ Բաքուն հենց այդ մայորի մահվան մասին տեղեկատվությամբ էր սկսել նախապատրաստել սադրանքը և հայ զինծառայողի սպանությունը, իբրև թե պատասխան: Նիկոլ Փաշինյանը սակայն Ռուսաստանում հայտարարել էր նաև, որ Պուտինի հետ պետերբուրգյան հանդիպմանը քննարկել են սպառազինության հարց և Հայաստանն ակնկալում է նոր զենք, ոչ «Իսկանդեր», բայց նաև ոչ փոքր:

Ադրբեջանն արեց հայտարարություն, թե հայկական կողմը ուզում է տապալել բանակցությունը: Գործնականում դա դժգոհություն էր Ռուսաստանի նկատմամբ, ակնարկ, որ հայերին նոր սպառազինություն տալով, այսինքն` տալով դիմադրունակության բարձրացման նոր հնարավորություն, հետևաբար, պատերազմի զսպման հավելյալ լծակ, Ռուսաստանը անհարմար դրության մեջ է դնում Բաքվին: Հետևում է Երևանում ՌԴ դեսպանի ասուլիսն ու պատասխանը, որ «Վիեննան և Սանկտ Պետերբուրգն» ակտիվորեն քննարկվում են, ուշադրություն դարձրեք՝ ակտիվորեն: Ադրբեջանին ակնարկը պարզ է՝ եթե Բաքուն գնում է լարվածության, ապա անհարմար դրության մեջ է հայտնվում Ռուսաստանը:

Մյուս կողմից, դրությունը Մոսկվայի համար անհարմար է նաև այն դեպքում, երբ Բաքուն փորձում է պահանջել ճնշում Հայաստանի վրա՝ տարածքներ հանձնելու հարցում: Ռուսաստանը չի կարող անել թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ ճնշում բանեցնել լեգիտիմ իշխանության վրա, և թույլ տալ Ադրբեջանին լարել իրավիճակը, որովհետև Հայաստանի վարչապետը Ադրբեջանին ռեգիոնալ համատեքստում զսպման պատասխանատվությունը շատ հստակ դրել է Ռուսաստանի վրա, իսկ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը շատ հստակ ակնարկել, որ եթե Ռուսաստանը չապահովի Հայաստանի սպառազինությունն ու դիմադրունակությունը, դա կանի Վաշինգտոնը: Այդ պարագայում Մոսկվային այլ բան չի մնում, քան հիշեցնել Բաքվին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին, ակնարկով, որ գոհանա այդ մեխանիզմների հարցում պարտադրանքի բացակայությունից, գուցե մինչև «գան լավ ժամանակներ»: Երևանի խնդիրն է թույլ չտալ, որ այդ «լավ ժամանակները» երբևէ գան: Առայժմ դա ստացվում է, գրում է 1in.am: