Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները

Մանրամասներ
զլմ

Հայաստանում սակավաթիվ անկախ և հիմնականում առցանց լրատվամիջոցներ կատարում են իրենց կարևոր դերը հավասարակշռված, հետաքննությունների վրա հիմնված լուրեր տրամադրելու գործում, ինչը կենսական նշանակություն ունի առողջ ժողովրդավարության համար և գործում են հիմնականում քաղաքական ուժերի կողմից առանց խոչընդոտների: Այս տեսակետն է արտահայտել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր «Nations in Transit 2024» տարեկան զեկույցում։

Ինչպես նշվում է զեկույցում, հայկական մեդիա դաշտը շարունակում է մնալ խիստ բևեռացված քաղաքական առումով, ընդ որում ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր ուժերին առնչվող լրատվամիջոցները տարածում են նրանց պաշտպանող բովանդակությամբ լուրեր:

Միաժամանակ կազմակերպությունն իր զեկույցում ընդգծում է, որ ֆինանսական սահմանափակումները, անկախ հնարավորությունների և դրամահավաքի կարողությունների բացակայությունը և առևտրային դժվարությունները խոչընդոտում են լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը՝ մեծացնելով հավանականութունը, որ նրանք կսկսեն ներկայացնել քաղաքական կամ բիզնես հովանավորների շահերը և կխախտեն խմբագրական և էթիկական չափանիշները:  

«Տարվա ընթացքում կառավարությունը և իշխող կուսակցության օրենսդիրները հանդես են եկել մի շարք հետընթաց օրենսդրական նախաձեռնություններով տեղեկատվության հասանելիության և խոսքի ազատության վերաբերյալ։ Հատկանշական է, որ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը Տեղեկատվության ազատության մասին օրենքում նոր սահմանափակող դրույթ է ներառել, որը թույլ է տալիս մերժել պաշտոնական տվյալների տրամադրումը այնպիսի հարցումներին, երբ պահանջվող նյութը «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվություն» է պարունակում։  ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս՝ ավելի սահմանափակելով լրագրողների հասանելիությունը պաշտոնական տվյալներին: Նույնիսկ նախքան փոփոխության ընդունումը, պետական ​​կառույցները հաճախ մերժում էին հարցումները կամ հետաձգում էին պահանջվող տվյալների տրամադրումը»,- գրում է Freedom House-ը։

Խոսքի և տեղեկատվության ազատությունը սահմանափակող երկու այլ օրենսդրական փոփոխություններ մտցվել են 2023 թվականին, սակայն չեղյալ են հայտարարվել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության քննադատության պատճառով, նշվում է զեկույցում։