ՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն. Սուրեն Պետրոսյան

Մանրամասներ
նիկոլ փաշինյան ոսկեպար

ՀՀ վարչապետի և իշխանության ներկայացուցիչների դեմ ոսկեպարցիների`պետական դավաճանության կասկածով դիմումն առաջիկայում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը` հավելելով, որ ներկա պահին ընթանում է դիմումի ներկայացման համար ստորագրությունների հավաքման գործընթացը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ստորագրահավաք է իրականացնում, որ նրանց անունից դիմում ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազություն:

«Իրավական պրոցեսը պետք է գնա` անկախ ամեն ինչից։ Բայց սա նաև շատ կարևոր քաղաքական փաստագրում է, որ գյուղի այդքան բնակիչ, կարելի է ասել` ամբողջ գյուղը, պետական դավաճանության մասին կասկածով դիմում է ներկայացնում գլխավոր դատախազություն։ Սա շատ կարևոր արձանագրում է գյուղի բնակիչների դիրքորոշման վերաբերյալ։ Եվ սա հետագայում թույլ է տալու խուսափել շատ հնարավոր մանիպուլյացիաներից»,– նկատում է քաղաքագետը։

Նշենք, որ ապրիլի սկզբին ԵՄ դիտորդները Տավուշ էին գնացել` շրջանցելով այն ճանապարհահատվածները, որոնք վերջին շրջանում ադրբեջանական կողմն ու ՀՀ իշխանության ներկայացուցիչները` ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում են որպես Ադրբեջանի տարածքի մի մաս։

«Հայկական պետականության համար» նախաձեռնությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էին տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելեր Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տար, թե ինչ հիմքով են ԵՄ դիտորդակայն առաքելության ներկայացուցիչները պետական մարմինների իմացությամբ ու թողտվությամբ Տավուշի մարզում ՀՀ ինքնիշխան տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել իբրև ադրբեջանական և շրջանցել դրանք։ Երկօրյա ժամկետը լրանալուց հետո ոսկեպարցիները որոշել են դիմել գլխավոր դատախազություն։