Բաքուն ռшզմական գործողությունների է ուզում գնալ և մեղքը գցել Հայաստանի վրա, ԵՄ առաքելության հայտարարությունը սառը ցնցուղ էր նրանց համար․ փորձագետ

Մանրամասներ
առաջնագիծ դիրք խրամատ

ԵՄ դիտորդների հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար, քանի որ նրանց պլանը չաշխատեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, թե ՀՀ զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններով զինտեխնիկայի և անձնակազմի կուտակումներ են անում։

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը վերջին շրջանում փոխել է մարտավարությունը դիվանագիտական դաշտում։ Եթե ոչ վաղ անցյալում Բաքվի բռնապետի հայտարարություններն ուղիղ ծավալապաշտական հայտարարություններ էին, առանց թաքցնելու ՀՀ տարածքների նկատմամբ ծավալապաշտությունը՝ օգտագործելով ՀՀ տարածքների ոչ պաշտոնական անվանումները, քարտեզները, ապա հիմա այլ մարտավարությամբ հռետորաբանություն են կիրառում։

«Ադրբեջանը մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնական խողովակներով հայտարարում է, որ ՀՀ-ի հետ հասել են պատմական շրջանի, երբ մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս հայտարարություններն ունեն հասցեատեր և այդ հասցեատերը Եվրոպան ու ԱՄՆ-ն են։ Բաքվի բռնապետը փորձում է ցույց տալ, որ իրենք ևս շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, բայց արդեն հաջորդ քայլով սկսում են տարածել հայտարարություն, որով մտահոգություն են հայտնում ՀՀ-ում տեղի ունեցող ենթադրյալ ռազմական տեղաշարժերի վերաբերյալ, նույնիսկ հնարավոր է՝ մոտ շրջանում էլ հայտարարություն տարածեն ձմեռային սեզոնից հետո մեր կողմում պլանային ինժիներական աշխատանքների հետ կապված»,- ասաց նա և հավելեց, որ այդ հայտարարությամբ էլ Ադրբեջանը փորձում է միջազգային գործընկերներին ցույց տալ, որ իրենք կողմ են խաղաղությանը, բայց այ Հայաստանը չէ՝ իբրև թե իրականացնելով տեղաշարժեր առաջնագծում։

«ԵՄ դիտորդների հայտարարությունը, կարող եմ ասել, սառը ցնցուղ էր այս դեպքում, քանի որ այդ պլանը չաշխատեց, իսկ ԵՄ-ի դիտորդների՝ Զատիկը շնորհավորելը դիվանագիտական լեզվով թարգմանաբար նշանակում է, որ դիտարկումները կատարվել են ՀՀ-ի ԶՈւ-ում, դրա համար շնորհավորում են Զատիկը։ Այսպիսով Ադրբեջանի այս քայլը՝ հնարավոր ռազմական գործողության մեղքը բարդելը ՀՀ-ի վրա, կարելի է ասել հօդս ցնդեց»,- շեշտեց նա։

Սակայն, նրա խոսքով, սրանով չի չեզոքանում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ Ադրբեջանը ներկայացրել է միակողմանի պահանջներ՝ կապված Տավուշի հետ։

«Կարծում եմ, որ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ սահմանազատման և սահմանագծման դեպքում հնարավոր չի լինելու միակողմանի գործողություն, դրա համար փորձում է ամեն դեպքում ամեն ինչ տանել ռազմական բախման։ Միջազգային կառույցները սա ևս հասկանում են, և հիմա ամեն ինչ անում են, որ թույլ չտան ռազմական ագրեսիա, և այդ հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս ռազմական օպերացիայի ձախողում էր այս փուլում»,- նկատեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը բանակցեն առանց միջնորդների և եթե նման սցենար հնարավոր լինի, ապա որ կոմղը կլինի շահեկան դիրքում, քաղաքագետն արձագանքեց․ «Ինչպես նշեցի, Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական գործողություններից ՀՀ-ի դեմ։ Եվ եթե մենք փորձենք Արդբեջանի հետ առանց միջնորդների պայմանավորվել, երկխոսել, ապա հայտնվելու ենք շատ վատ վիճակում։ Նախ Ադրբեջանը երբեք հավատարիմ չի բանակցությունների սեղանի շուրջ տեղի ունեցած խոսույթին, ապա երկրորդ, Ադրբեջանը միևնույն է մենակ չէ, նրա կողքին, թիկունքին կանգնած է Թուրքիան»։

Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե նույնիսկ ԵՄ, ՌԴ դուրս գան միջնորդների իրենց դերից, ապա Թուրքիան մնալու է, քանի որ Թուրքիան դա համարում է իրեն վերաբերող հարց։

«Այս առումով շատ վտանգավոր կլինի միայնակ մնալ այս երկու պետության հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Այնպես որ, մեզ հարկավոր են ինչպես անվտանգային երաշխավորներ, այնպես էլ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար Ադրբեջանին պարտադրող ուժեր»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։  Դրան հետևել էր ԵՄ դիտորդական առաքելության արձագանքը, որում ասված էր՝ ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել։