Վիդեո․ Ի՞նչ կանի Իրանը Հայաստան Ադրբեջանի ներխուժման դեպքում․ փորձագետի պարզաբանումը

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանի տարածք Ադրբեջանի ռազմական ներխուժման դեպքում Իրանը տարբեր քայլերի կդիմի․ կփորձի օգտագործել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հարցը, ինչպես նաեւ Նախիջեւանի հարցը՝ հաշվի առնելով, որ իրանական հասարակությունում տարածված է Նախիջեւանի գրավման թեզը։ Այս մասին  NEWS.am-ի «Ուժի գործոնը» հաղորդաշարի շրջանակում հայտարարեց իրանագետ Հարութ Առաքելյանը։

Նա հավելեց, որ Իրանն իր շահերին լուրջ սպառնալիքի դեպքում կարող է դիմել նաեւ Ադրբեջանի ուղղությամբ գնդակոծությունների։

«Ադրբեջանը ռազմական գործողությունները Հայաստանի հարավից տեղափոխել է դեպի Ջերմուկ՝ Իրանի կողմից հավանական հարվածից հեռու, բայց եթե Ադրբեջանը ցանկանա Հայաստանը հատել Ջերմուկի ուղղությամբ, ապա Իրանի համար ռազմավարական տեսանկյունից ավելի նպատակահարմար կլինի մտնել Նախիջեւան, քանի որ այնտեղ ավելի հեշտ է ներթափանցել, քան Լեռնային Սյունիք։ Այս ամենը կհանգեցնի մեծ պատերազմի։ Իրանը կարող է փորձել նաեւ ստիպել Ալիեւին դուրս գալ Ադրբեջանում շիիզմի դեմ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում ձերբակալում են բոլոր նրանց, ովքեր հուղարկավորության ժամանակ բացականչում են՝ «Ես Հուսեյնն եմ»  (շիաների երրորդ իմամը)։ Ադրբեջանում պայքարում են դրա դեմ։ Իրանը չի ցանկանում դեմ արտահայտվել ադրբեջանցի շիա ժողովրդին, այլ ցանկանում է ցույց տալ իր անհամաձայնությունը Բաքվի սիոնիստական իշխանությունների հետ։ Իրանը Արեւելյան դիվանագիտություն է վարում՝ փորձելով չսրել հարաբերությունները Ադրբեջանի բնակչության հետ։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին շնորհավորելը ոչ թե աջակցություն է, այլ հավասարակշռություն պահպանելու փորձ։ Դա թույլ է տալիս Թեհրանին անհրաժեշտության դեպքում անդրադառնալ նրան, որ նա աջակցություն է հայտնել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,-նշեց Առաքելյանը։

Նա հիշեցրեց, որ Իրանն արդեն երկար ժամանակ ցանկություն է հայտնում կառուցել Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային հատվածը Հայաստանի տարածքում՝ շատ լավ իմանալով, որ Հայաստանը նման ռեսուրսներ չունի, բայց դրան խանգարել են ներհայկական խնդիրները, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի։

«Պայմանագիրը, որը վերջերս Իրանի հետ ստորագրվեց ճանապարհի եւ Քաջարանի թունելի վերաբերյալ, կարեւոր նշանակություն ունի, քանի որ իրանական ներկայությունը Հայաստանում կուժեղանա։ Դա անվտանգության ոլորտում լրացուցիչ բաղադրիչ կստեղծի»,-հավելեց փորձագետը։