Զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Մանրամասներ
քկ

2023 թ. դեկտեմբերի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շոպրոն փողոցի հասցեներից մեկից իրենց մոտ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ 26 տարեկան Դ․ Սայադյանը, ժամը 20:32-ին մահացել է:

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրեսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են փորձաքննություններ: Պարզվել է դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը։

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախկինում ծագած գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում շարունակվել է Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում, որին մի կողմից մասնակցել են Երևանի 29-ամյա բնակիչն ու նրա եղբայրը, մյուս կողմից՝ մի խումբ անձինք։

Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների, որի ընթացքում 29-ամյա Գ․Հ․-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով, կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևանի 27-ամյա և Տավուշի մարզի 26-ամյա բնակիչներին, որոնցից առաջինն ստացել է, նախնական տվյալներով, միջին ծանրության, իսկ երկրորդը՝ Դ․ Սայադյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ դատարան ներկայացնելու նպատակով նշված անձին ձերբակալելու վերաբերյալ, և Գ․Հ․-ն դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է։

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի արարքներն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու համար»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Իր հերթին «Հրպարակ» թերթը գրում է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։ Վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։ 

«Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի՝ զինվորական։ Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերերին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։