Կայացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունը

Հայտնի են հաղթողների անունները

Տեղի է ունեցել Միացյալ Նահանգների կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունը (SAG-Screen Actors Guild Award):

 «Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում մրցանակը բաժին է հասել Ռայան Քուգլերի «Սև հովազ» ֆիլմին: Այն, ի դեպ, ներկայացված է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Այս անվանակարգում ընդգրկված էին նաև  «Բոհեմական ռապսոդիա», «Աստղ է ծնվել», BlacKkKlansman, «Չափազանց հարուստ ասիացիները» ֆիլմերը:
«Լավագույն դերասան» է ճանաչվել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը: Հիշեցնենք, որ նա հաղթել է նաև այս տարվա «Ոսկե գլոբուս»-ի  «Լավագույն դերասան» անվանակարգում: Մալեքի հետ մրցել են Բրեդլի Կուպերը՝ «Աստղ է ծնվել», Քրիստիան Բեյլը՝ «Իշխանություն», Վիգգո Մորտենսենը՝ «Կանաչ գիրքը» և Ջոն Դևիդ Վաշինգտոնը՝ BlacKkKlansman ֆիլմերում կերտած իրենց դերերով: 
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է «Կինը» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Գլեն Քլոուզը: Այս անվանակարգում ընդգրկված էին Լեդի Գագան՝ «Աստղ է ծնվել», Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին», Էմիլի Բլանտը՝ «Մերի Փոփինսը վերադառնում է», և Մելիսա Մաքքարտին՝ «Կարո՞ղ եք ինձ ներել» ֆիլմերի համար: