Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մի ամբողջ ծրագիր՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին

Կբացահայտվեն «Նռան գույն»-ի չբացահայտված հատվածները

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին:

Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը: Ռոտերդամի փառատոնում մեկ առանձին ընդարձակ ծրագրով հայկական կինոյի նորովի ներկայությունը հրաշալի հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական կինոմշակույթն ու պատմությունը:

Հենց պրոդյուսեր Դենիել Բըրդն էլ կներկայացնի «Նռան գույնը» ֆիլմի կինոնկարի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ ինստալյացիա ձեւաչափով:

2019թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) հայ դասական եւ ժամանակակից կինոյին նվիրված ծրագիրը կոչվում է «Կինոյի տաճար» :

Հիշեցնենք, որ առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը հրավիրվել է մասնակցելու Ռոտերդամի փառատոնին 1988թ-ին ։ 30 տարի անց, դարձյալ հունվարին՝ Ռոտերդամում ներկա կլինի նա, սակայն արդեն ժառանգությամբ: