Ամեն ինչ կախված է հայկական մի ստորագրությունից. «Ռուսները սկսում են հասկանալ իրենց սխալը»

Մանրամասներ

ա

Նման բովանդակությամբ հոդվածներն ու ելույթները հայկական զլմ-ներում հաճախակի են դարձել, ինչը թերեւս կապված է ՌԴ դեսպան Կոպիրկինի՝ Հայաստանում ՌԴ նոր խնդիրների կապակցությամբ «ռուսական ներկայության ակտորների» հրահանգավորման հետ։ Պատերազմի եւ ՌԴ քաղաքականության շուրջ ամիսներ շարունակ շահագործվող քարոզչական աղբը փոխարինվել է նման թեզերով, որոնց նպատակը հեռուն է տանում՝ հայերը պետք է համակերպվեն տեղի ունեցածի հետ, հրաժարվեն քաղաքական իրավունքներից ու պահանջներից, մնան ռուսական մատաղացուի դարավոր դերում։

Հանուն ՌԴ եւ անձամբ Պուտինի հանցագործությունների կոծկման, նրանց վարկը քիչ ինչ շտկելու համար ռուսները դրան էլ են պատրաստ՝ հայերը մի քիչ հիմարի տեղ դնեն իրենց, որ չեն հասկացել, որ թուրքերին չէր կարելի ներս թողնել Հարավային Կովկաս, որ 1921-ին չեն հասկացել, թե ինչ են անում, որ հիմա ստիպված են հաշվի նստել Թուրքիայի աճող դերակատարության հետ, եւ այլն։ Դա նույնիսկ կարեկցանք ու ներողամտություն կարող է առաջացնել՝ չէ որ հայերը պարտքի կատարման զգացումով պետք է զոհաբերվեն Ռուսաստանի նոր խնդիրների համար։

1915-1923 թթ․ Հայաստանի դեմ ոճրագործությունը, 1937-1953 թթ․ հայկական ջարդերը, Կոլցո պատժիչ գործողությունները, 2020-ի ցեղասպան գործողությունները պետք է հանգեցվեն դրան՝ Ռուսաստանը 200 տարի չի հասկանում, թե ինչ է անում։ Եթե պարզ լեզվով ասենք՝ Ռուսաստանը առնվազն երկու անգամ փրկել է Թուրքիան կործանումից, երկու անգամ էլ՝ «Ադրբեջանը»։ Ներկայում Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողերը թուրքերին կոչ են անում իրենց նոր կայսրությունը կառուցել՝ քաղաքակրթական ընտրություն կատարելով դեպի Ռուսաստան, ինչը ռուսական գրկում թուրքական աշխարհքաղաքականության կայացման դարավոր ընթացքի տրամաբանական առաջարկն է։

Ռուսաստանն ու Թուրքիան լուծում են իրենց գոյաբանական խնդիրները, եւ նրանց «հակասություններն ու մրցակցությունը» իրականում կազմում են այն սիներգիան, որի մասին նոյեմբերի 9-ի արյունոտ գործարքից հետո հայտարարել է Լավրովը։ Հայաստանի հարցում այս երկրները միասնական են՝ առանց Հայաստանի հնազանդեցման անհնար է լուծել այդ խնդիրները։ Ինչպես գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը, «Հայաստանին հանգուցված է իրենց գաղափարային կարողության չափը գերազանցած երկու ռեժիմների՝ ռուսականի ու թուրքականի շարունակելիության խնդիրը: Առանց Հայաստանի հնազանդեցման այլեւս անհնար է պատկերացնել առնվազն քաղաքական ռեժիմների, իսկ որոշ հանգամանքների ներքո նաեւ՝ համապատասխան պետությունների հետագա գոյությունը: Ուժերը գերագույնս լարած ռեժիմների համար քիչ թե շատ կենսունակ Հայաստանը մահացու վտանգ է»:

Խնդիրը մեր մտածողության ընդգրկման, ինքնագնահատականի, իրավիճակի համարժեք ընկալման մեջ է։ 200-ամյա այս պատմությունը տեղ չպիտի թողնի հեքիաթների ու հեքիաթասացների՝ հայ հանրությանն ապակողմնորոշելու գործը կամա-ակամա ստանձնած քաղաքական-խորհրդարանական, բուհական-ակադեմիական, մեդիա-փորձագիտական շրջանակների համար։ Հայկական հողի ու արյան վրա կառուցված երկու պետության գոյությունը կախված է հայկական մի ստորագրությունից՝ պետք է սկսել այստեղից։ 200-ամյա շրջանը կոտրելու հնարավորությունները դեռեւս սպառված չեն։

Սկզբնաղբյուր