Արդբեջանցիներն այնքան են չափն անցել, որ Սյունիքի ճանապարհներից մարդկանց են առեւանգում

Մանրամասներ

1

«Ես եղել եմ Քելբաջարում, իմ հետ եղել են սպաներ, զինվորներ, աշխարհազորայիններ, այնտեղ թեժ կռիվներ էին, մենք մինչեւ սեպտեմբերի 27-ի երեկոյան հասել ենք, հակառակորդը որոշ բարձունքներում հաղթանակներ ուներ, բայց բանակը նորմալ դիմակայում էր։ Մենք միացանք զորքին եւ այդ բարձունքներն ազատագրեցինք ամսի 2-ի դրությամբ»,- ասում է «Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը՝ վերհիշելով մեկ տարի առաջ պատերազմի դաշտում անցկացրած օրերը։

Խոսելով պատերազմի թողած ավերածությունների մասին՝ նա ասաց․ «Ցավում եմ, որ այս պատերազմն այսքան զոհերի գնով եղավ, բայց մենք ազգովի շատ էինք արխային ընկել, իրականությունից հեռացել էինք, բանակի հանդեպ վերաբերմունք չկար։ Ինձ թվում է՝ բոլորս էլ հասկանում էինք, որ այս պատերազմը պետք է լիներ, ուրիշ խնդիր, որ այդպես չպիտի պատրաստվեինք։ Շատ-շատերին թվում է, որ վերջն է, բայց ինձ համար՝ ոչ, սա պիտի լինի մեզ համար դաս, որ հզորանանք, կարգավորենք նաեւ բարոյահոգեբանական վիճակը։ Իսկ դրա համար առաջինը պետք է ներսում բարություն եւ սեր լինի, մեր երկրում ներքին անկայուն վիճակ չի կարող լինել։

Մենք 1992-ին շատ ավելի վատ վիճակում ենք եղել, իրավիճակ կար, որ թվում էր՝ վերջն է, հակառակորդն ընդհուպ մոտեցել էր Ստեփանակերտին, բայց մենք կարողացանք հավաքվել իրար շուրջ։ Տեսեք, հյուսիսում մենք համատեղ կազմակերպված մարտ ենք ունեցել եւ հաջողության ենք հասել, այդ նույն աշխարհազորն էր, բանակն էր։ Եթե կար կազմակերպելու խնդիր, ապա հարավում չի ստացվել, հիմա պետք է վերանայել այդ ամբողջ թերությունները։ Մենք այս պարտությունից պետք է դասեր քաղենք, սա չպետք է մեզ համար վախճան դառնա, այլ հակառակը՝ զգոնանալու, հզորանալու խնդիր պիտի դրվի։ Պետք է սիրենք իրար։ Թողել ենք դրսի թշնամիներին, ներսում թշնամիներ ենք ման գալիս։ Այդպես չպետք է լինի»։

- Պատերազմից մեկ տարի է անցել, քաղաքական իշխանությունն ի՞նչ է արել հզորացման համար։

- Խնդիրը միայն իշխանությանը չէ, բոլորինս է։ Ընդդիմությունն էլ պետք է աջակցի, ոչ թե վարկաբեկի, խանգարի, այլ լավը բարձրաձայնի, ոգեւորի, սխալները բարձրաձայնի, ե՛ւ պարտադրի, ե՛ւ ուղղի։ Առաջին օրը մտել են ԱԺ եւ գոռում են՝ հելեք, դավայ, գնացեք: Չէ, ժողովուրդը վստահել է, պետք է պարտադրենք, որ աշխատեն, եթե չեն կարող, թող գնան։ Հիմա  տնտեսությունը պիտի ոտքի հանվի։

- Այժմ արդբեջանցիներն այնքան են չափն անցել, որ Սյունիքի ճանապարհներից մարդկանց են առեւանգում, մեքենաներն են ստուգում։

- Մենք իրենց 26 տարի ենք այդ վիճակում պահել, 26 տարի հանդուրժող են եղել։ Իրենք ծպտված, հանգիստ, թվում էր՝ համակերպվել են իրենց այդ վիճակի հետ, բայց իրենք այդ ժամանակահատվածում ամրացան, հավաքվեցին իրենց շուրջ, եկան իրենց խնդիրը լուծեցին։ Թույլի հետ ոնց ուզում, վարվում են, իսկ ուժեղ լինելու համար պետք է միավորված լինենք։ Ես եղել եմ Իշխանասարի հատվածում, իրենք խեղճացած են մեր տղերքի դեմ, իրենք պարտվածի բարդույթից դուրս չեն եկել։ Այդ «կապիտուլյացիա» բառը, որ թմբկահարում են, դուք գիտե՞ք, թե դա ինչ ստորացուցիչ է մեր բանակի համար։

- Դա երկրի ղեկավարին են ասում։

- Ա՜, ենթարկվող զինվորն է, զինվորը 44 օր կռվեց․․․ Մենք բոլոր շրջանները հետ ենք բերելու, պետք է սթափվել, մեջքմեջքի տանք, լավագույն զենքերը բերենք, զարկ տանք մեր ռազմարդյունաբերությանը։

- Պատերազմի օրերին հայությունը միավորված չէ՞ր։

- Սա առաջին պատերազմն է եղել, որտեղ որեւէ բանի պակաս չկար։ Ես երեք պատերազմին էլ մասնակցել եմ։

- Զենքի պակաս չե՞ք ունեցել։

- Ոչ․․․․ մենք չենք ունեցել անօդաչուներ, ինչպես իրենք ունեին, բայց մենք դրա փոխարեն ունեցել ենք պաշտպանվելու միջոցներ։ Մեր հրետանին իրենց ոչնչացրեց։

- Պարոն Պետրոսյան, պատերազմի օրերին Դուք եւ մի քանի զինվորականներ նշանակվեցիք փոխմարզպետներ, յուրաքանչյուր մարզում ձեւավորվող աշխարհազորային զորամիավորման հրամանատար պետք է դառնար փոխմարզպետը։ Այդ հաստիքը պահպանվո՞ւմ է։

- Իհարկե, պահպանվում է։ Մենք կազմակերպում ենք դասընթացներ, պարապմունքների տանել, առաջնագիծ տանել։ Աշխարհազորի եւ բանակի կապն ենք ապահովում։

ՀԳ․ Նկատենք, որ Ռազմիկ Պետրոսյանի եւ այսօրվա բարձր իշխանությունների հռետորաբանությունը կտրուկ տարբերվում են իրարից` «Ապարան» ջոկատի հրամանատարը խոսում է հզորանալու, բանակն ուժեղացնելու, վերջնարդյունքում` ռեւանշի մասին, իսկ գործող իշխանությունները խոսում են բացառապես խաղաղությունից, ճանապարհների ապաշրջափակումից, բանակը բարեփոխելուց, որի ներքո զինուժի կրճատում են հասկանում եւ կորցրածը ետ բերելու ոչ մի ծրագիր չունեն:

«Հրապարակ»