Փաշինյանի սերն առ Պուտինը. սառը հայացքներ, կեղծ ժպիտներ

ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը

2018թ. թվականը հայ-ռուսական հարաբերությունների համար կարելի է համարել ամենախնդրահարույցը համարել, չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժերը կենտրոնացրել էր հայ-ռուսական հարաբերությունները հարթ ու համերաշխ ներկայացնելու համար:

Բայց այսօր, ինչպես և հեղափոխությունից քիչ անց՝ չենք կարող պնդել, որ հայ-ռուսական հարաբերություններում բարդ հարցերը գերակշռում են՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից մինչև Ռոբերտ Քոչարյանի ձերբակալություն:

Առաջին հանդիպման արձանագրումը Փաշինյան-Պուտին հայացքների ներքո

Մայիսի 14-ին Սոչիում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առաջին հանդիպումը կայացավ: «Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան հետևողականորեն, ինչպես եղել է մինչ այժմ», մասնավորապես ասաց ՌԴ նախագահը: Ռուսաստանը «դիտարկում է Հայաստանը որպես տարածաշրջանում մեր մերձավորագույն գործընկեր և դաշնակից», ասաց Պուտինը՝ հավելելով, որ դա վերաբերում է և՛ տնտեսական փոխգործողությանը, և՛ անվտանգության հարցերին: Նա հույս հայտնեց, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունում վերջին շրջանում դրսևորվող «շատ լավ արդյունքները» կհաջողվի «ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել»:

Փաշինյանը հայտնեց, որ քննարկման առանցքում որոշ հարցեր են․ «Բայց ինչը քննարկման ենթակա չէ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են»։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, և «ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները», հավելեց Հայաստանի վարչապետը: «Մեծ ցանկություն ունենք՝ նոր իմպուլս հաղորդելու մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ու տնտեսական առումով։ Հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ», – ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց ՌԴ-ի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի ներքին քաղաքական հարցերի առնչությամբ՝ կարծիք հայտնելով, որ «դա շատ կառուցողական դիրքորոշում էր, որը լավ վերաբերմունքի է արժանացել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հասարակության մակարդակում»:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերը: Վերջին շրջանում նկատվում է նաև ապրանքաշրջանառության աճ, սա շատ լավ միտում է, և հուսով եմ, մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել սա, այլև կրկնապատկել»: ՌԴ նախագահը հատուկ կարևորեց միջազգային կառույցներում Երևանի և Մոսկվայի համագործակցությունը․ Սերժ Սարգսյանի օրոք, հիշեցնենք, Հայաստանը որպես կանոն Ռուսաստանին էր պաշտպանում՝ սկսած Ղրիմի հարցից մինչև Սկրիպալի դեմ մահափորձը:

Ուշագրավ էր, որ Փաշինյանն անընդհատ վստահեցնել, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն իր իշխանության օրոք կամրապնդվեն․ – «Որևէ մեկը երբեք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի էլ դնի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը: Մենք տրամադրված ենք, մեծ էներգիա կա նոր խթան հաղորդելու մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում»:

Փաշինյանն արդեն որերորդ անգամ անդրադառնում էր թավշյա հեղափոխության օրերին պաշտոնական Մոսկվայի կեցվածքին, նա Պուտինի հետ հանդիպման առիթն էլ բաց չթողեց: «Շատ բարձր ենք գնահատում այն հավասարակշռված դիրքորոշումը, որ Ռուսաստանը ցուցաբերեց մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում: Կարծում եմ, դա շատ կառուցողական դիրքորոշում էր և շատ բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության կողմից, այլ նաև հայաստանյան հասարակությունում»: Այնուհետև Փաշինյանն ու Պուտինը բանակցեցին փակ դռների հետևում:

Պարզ է, որ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը ճանաչողական պետք է լիներ: Ընդհանուր առմամբ, Սոչիի մթնոլորտը սովորական էր իհարկե ու կարևոր է լինելու՝ մեկնարկից հետո շարունակությունը: Փաշինյանի հեղափոխությունը ցույց տվեց, որ նա ոչ միայն արտաքին քաղաքական ուղղությամբ կտրուկ շարժումներ չի անելու, այլև՝ խիստ կարևորում է Մոսկվայի հետ հարաբերությունների էլ ավելի խորացումը: Նա թե՛ վարչապետությունը՝ Հանրապետության հրապարակում, թե՛ վարչապետի պաշտոնը ստանձնելու հետո անվերջ վստահեցնում է, որ ընդդեմ Ռուսաստանի որևէ քայլ չի անելու և ավելին՝ հակված է ավելի խորացնել այդ հարաբերությունները:

Փաշինյանի երկու թափանցիկ ակնարկները Պուտինին

Հունիսի կեսին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրանք քննարկել էին հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաներին:

Վլադիմիր Պուտինն ասել էր. «Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով համագործակցության մեծ ծավալը, կարծում եմ՝ մեր հանդիպումները պահանջված են: Ցանկանում եմ նշել, որ ՌԴ-ն վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ, թիվ մեկ գործընկերն է: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև առևրտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին: Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»:

Փաշինյանն էլ իր հերթին նշել է. «Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան: Իհարկե, մեզ համար, Հայաստանի կառավարության համար, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, շատ կարևոր է նման ընդունելության արժանանալ Ռուսաստանում՝ Սոչիում, Մոսկվայում: Եվ, իհարկե, սա ընդգծում է այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել այս ամիսների ընթացքում: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա: Սա շատ կարևոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենք և վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու և մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային իմաստով»:

Սա Փաշինյանի երկրորդ այցն էր Ռուսաստան և երկրորդ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իհարկե, ընդհանուր պրոտոկոլային հայտարարությունները՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների, առևտրա-տնտեսական փոխգործակցության առումով, սովորական ձևակերպումներ են: Այն, որ Փաշինյանը շեշտում է հայ-ռուսական հարաբերությունները յուրահատուկ դարձնելու մասին՝ փաստում է, որ նա ձգտում է Պուտինի հետ գործնական մակարդակում հարաբերություններում նոր մակարդակի բարձրացնել: Բայց Փաշինյանը չէր մոռանում ուշագրավ ձևակերպումներ էլ ներկայացնել: Օրինակ` նա Պուտինի հետ նշյալ հանդիպմանը շեշտել էր «ժողովրդի կառավարության» ու երկրների «ինքնիշխանության» մասին, ինչը, թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի վարչապետը որոշակի մտահոգություններ էլ ունի Կրեմլի կողմից իր իշխանության նկատմամբ ազդեցության առումով:

Բարդ խնդիրներ

Այսօր կարելի է վստահաբար ասել, որ մի բան Հայաստանին հաստատ չի ներվելու՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրելը ՀՔԾ կողմից։ Պաշտոնական Երևանը շարունակ պնդում էր. «Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»:

Այսպես, 2008թ. Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրեց 5 միլիոն դրամ գրավը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դատարանի շենքում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասել էր, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017թ. ապրիլի 14-ից: Մարտի 1-ի գործով թեմայի վերակենդանացումից, եթե վերանանք՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը լուրջ քայլ է, որովհետև նա ՀԱՊԿ գխավոր քարտուղար է:

Այս կառույցի արդյունավետության վերաբերյալ բազմաթիվ անգամներ, բազմաթիվ քննարկումներ են ընթացել, նույնիսկ հարց է բարձրացվել, թե այդ կառույցում մեր ներկայությունը որքանով է նպատակահարմար, եթե այս կառույցի Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունների ֆոնին նույնիսկ մի փոքր քննադատական հայտարարություն չի ընդունում: Բայց նույնիսկ այս արդարացի քննադատությունները ՀԱՊԿ-ի հասցեին՝ այլ հարց են: Փաստը մնում է փաստ, որ այսօր կա ՀԱՊԿ քարտուղար, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրված:

Ու պարզ է բոլորի համար, որ նման որոշում առանց ՌԴ-ի իմացության չէր կայացվի: Ու այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս է Մոսկվան դա թույլատրել, կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ նպատակով է այլ «դաբրոն» տրվել:

Կարո՞ղ ենք առաջիկայում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ՀԱՊԿ-ից ակնկալել ավելին, քան մինչև հիմա… Հազիվ թե: Բայց այստեղ այլ խնդիր էլ կա՝ կարո՞ղ է ՀԱՊԿ-ում հայաստանյան ներկայացուցչի փոփոխությունն ավելի մեծացնել ադրբեջանական «ախորժակը» ու հայկական կողմից տարածքների հանձնում պահանջվի… Իհարկե, չի կարելի ասել, թե Խաչատուրովի ներկայությունը ՀԱՊԿ-ում Հայաստանի անվտանգության առումով ամրություն է հաղորդել: Նույնիսկ ընդհակառակը՝ ղարաբաղյան ճակատի լարվածությանն ավելացավ նախիջևանյան ճակատում լարվածությունը:

Պուտինի համբերության «բաժակը» լցվեց

Հուլիսի վերջին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»,- ասել էր ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։

Մոսկվան անցավ ավելի կոնկրետ գնահատականի, այս անգամ արդեն Լավրովի մակարդակով: Հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման ընթացակարգը: «ՀԱԿՊ գլխավոր քարտուղարին փոխելու վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ համապատասխան պարզաբանումները հայկական կողմին տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցում», – ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ ըստ ՀԱՊԿ կանոնակարգի հենց հայկական կողմը պետք է նախաձեռնի իր երկրի քաղաքացու ետկանչը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից, եթե նման որոշումն ընդունվել է Երևանում:

Այլ կերպ ասած՝ Մոսկվան ասում է, որ ըստ ՀԱՊԿ կանոնների, հենց Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու ընթացակարգը: Ավելին, Մոսկվան արդեն կոնկրետ գնահատական է տալիս, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է, այլ կերպ ասած՝ իրավիճակը որոշակիորեն արդեն դուրս է գալիս ռազմավարական դաշնակիցների խոսակցության տոնայնությունից և դիվանագիտական բառապաշարից:

Պարզ է, որ Մոսկվային դուր չի կարող գալ՝ Հայաստանի կողմից նման քայլը: Խոսքը ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԱՊԿ քարտուղարի մասին, ինչպես ասում են՝ դա «խաղ ու պար» չէ: Մոսկվան Երևանի քայլը կարող է հանդուգն գնահատել՝ դրանից բխող հետևանքներով:

Ինչպե՞ս է հարթելու իրավիճակը Փաշինյանը՝ առայժմ պարզ չէ:

Փաշինյանի պատասխանը Մոսկվային. Նոր «սառը ցնցուղ»

Օգոստոսի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ, ըստ էության, պատասխանեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ վերջերս աղմուկ բարձրացրած հայտարարությանը… Հայաստանում նոր իրավիճակ է ու բոլորը պետք է ադապտացվեն դրան, երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի ղեկավարության հայտարարություններին։ «Սա նոր իրավիճակ է, մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է», – նշեց նա։

Հիշեցնենք, որ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներառումը Մարտի 1–ի գործում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին, թե որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։ ՌԴ արտգործնախարարն անգամ պնդեց, որ վերջին մի քանի օրերին Մոսկվան մի քանի անգամ փոխանցել է իր մտահոգությունը ՀՀ ղեկավարությանը: «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»,-եզրափակել էր ՌԴ ԱԳ նախարարը:

Նիկոլ Փաշինյանը չէր ցանկացել մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների այն պնդումները, որ նրա դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Կարծում եմ` ճիշտ չի լինի, որ ես այդ թեմայով այսօր մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը», – ասաց նա։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանը ցույց է տալիս, որ Ռուսաստանից, նույնիսկ Լավրովի հայտարարության ֆոնին, վտանգ չկա: Նա, կարծես, կրքերը հանդարտեցնելու մարտավարություն է բանեցնում, ասելով, թե հայաստանյան նոր իրավիճակին պետք է ադապտացվեն նաև Ռուսաստանի գործընկերները:

Ակնհայտ էր, որ ՀԱՊԿ անդամ երկրները հակված չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելուն այն բանից հետո: Ռուսական աղբյուրները պնդում էին, թե բացի Երևանից, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների մայրաքաղաքներում կարծիք կա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցել Բելառուսին, չնայած այն բանին, որ այն մինչև 2020-ը պատկանում է Հայաստանին, նշում էին, որ Հայաստանի նոր թեկնածուն չի արժանանալու անդամ երկրների աջակցությանը, քանի որ, ինչպես գրում է լրատվամիջոցը, «հայկական ռազբորկաներն» արդեն լուրջ վնաս են հասցրել կազմակերպության իմիջին:

Փաստ էր, ՀԱՊԿ-ում հակված են վրեժ լուծել Հայաստանից՝ Խաչատուրովի կալանքի մասին որոշման արդյունքում, և մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կզրկվի մինչև 2020 թվականը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Գաղտնիքներ ու ինտրիգներ՝ մոսկովյան այցից հետո

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, սա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երրորդ հանդիպումն էր։ Պուտինի հետ հանդիպումը սկսելիս Փաշինյանը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա, և սա Հայաստանի վարչապետի այն հայտարարությունն է, որ հիմնականում առանձնացրել են ռուսական լրատվամիջոցները։ Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև այսօր առկա են որոշ խնդիրներ, սակայն նա նաև հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում այդ խնդիրների մեծ մասը կկարգավորվի։ Նրա խոսքով՝ չնայած երկու երկրների լրատվամիջոցներում հոռետեսական հրապարակումներին, փոխգործակցությունը զարգանում է «դինամիկ»:

Այս հայտարարությունների ֆոնին ուշագրավ է Փաշինյանի դիտարկումը, որ փաստացի հակասում է վերոնշյալ գնահատականներին: «Ես կարծում եմ, որ մեր հիմնական խնդիրն է բացել այն ամբողջ ներուժը, որ առկա է մեր հարաբերություններում», – Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Անշուշտ, մենք ունենք փայլուն հարաբերություններ: Սակայն կարծում եմ, որ պետք չէ կանգ առնել։ Հատկապես մեծ է մեր ներուժը քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական հարաբերությունների ոլորտներում», – ընդգծել է Փաշինյանը:

Իր հերթին Պուտինն էլ հանդես է եկել ստանդարտ հայտարարություններով, եթե չասենք՝ սովորական հարաբերություններ ունեցող երկրների ղեկավարների հանդիպումն ամփոփելիս: Ռուսաստանի նախագահը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսությունում ամենամեծն են, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է էժան գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով։

Արդեն բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

Տրամաբանող մարդու գլխում կարող է միայն հետևյալ հարցը ծագել. hիմա հայ-ռուսական հարաբերություններում եղե՞լ են պրոբլեմներ, թե՞ փայլուն հարաբերություններ են… Եթե ունեցել ենք խնդիրներ, ինչու՞ է Փաշինյանն ասում, որ այդ հարաբերությունները փայլուն են… Եթե խնդիրներ մինչ այժմ առկա են, ապա որո՞նք այդ խնդիրները… Եթե խնդիրների մի մասը հնարավոր է դարձել հարթել, ուրեմն՝ որո՞նք լուծվել, որո՞նք են մնացել չլուծված…

Մի խոսքով, հարցերի շարան:

Ի դեպ, ավելի ուշ Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ուշագրավ պատմություն է պատմել: Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են բոլոր հարցերը, և հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր խնդիրներ չկան ու հավելել. «Ես պատմեցի Պուտինին, որ կան խոսակցություններ, թե Ռուսաստանի իշխանությունները գործարարներին թույլ չեն տալիս ներդրումներ կատարել Հայաստանում: Պուտինը ծիծաղեց և ասաց, որ նման բան չկա»: Փաշինյանը նաև գործարարների հետ հանդիպմանն է վստահեցրել. «Մեր երկրները հենվում են մեկը մյուսի շահերը հարգելու և մեկը մյուսի գործերին չմիջամտելու հիման վրա: Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ավելի լավ են, քան երբևէ եղել են»:

Ուրեմն, ոչ ավել, ոչ պակաս, Փաշինյանը բողոքել է Պուտինին, ակնարկելով նրան, թե՝ «կան խոսակցություններ, որ ՌԴ իշխանությունները գործարարներին թույլ չեն տալիս ներդրումներ կատարել Հայաստանում»: Ուրեմն, ի՞նչ՝Փաշինյանն ինքն էլ արձանագրո՞ւմ է, որ գոնե ռուսաստանցի գործարարները ներդրումները չեն կատարում: Հետաքրքիր է՝ ինչու՞: Բացի այդ, դա մի՞թե բողոքելու թեմա է Պուտինին: Եթե նույնիսկ այո՝ ապա արժե՞ր այդ հարցը հրապարակայնացնել:

Նոր սկանդալ. Շահառուն Ադրբեջանն է

ՀԱՊԿ-ի կաթսան մի քանի ամիս է ինչ եռում է: Հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ոչ ավել, ոչ պակաս հանդես է եկել Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի առջև, «զեկուցեց» իրավիճակը ՀԱՊԿ-ում: Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջարկել երեք թեկնածու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ահա, Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը «Բատկան» ասել է. «Այբբենական կարգով հաջորդ երկիրը Բելառուսն է, և մենք պետք է պատրաստ լինենք առաջարկելու մեր թեկնածությունը. ես այսօր երեք թեկնածու ունեմ, որոնց կարող եմ առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- ասել է Լուկաշենկոն:

Բայց սա դեռ ամենը չէ: Բելառուսի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ ղեկավարի ընտրության ժամանակ եղել են «բազմաթիվ տարբերակներ»: Նա ընդգծել է, որ ոչ մեկ չի փորձել «ճնշել Հայաստանին», հարցն ինչ-որ մեկի հաղթելու կամ պարտվելու մեջ չէ: «Փաշինյանը կառավարությունում պետք է պարզապես գլուխ հանի իրավիճակից»,- ասել է նախագահը՝ կասկածի տակ դնելով, որ անցումային փուլում գտնվող երկիրը կկարողանա գլուխ հանել իրավիճակից:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ կազմակերպության նոր ղեկավարի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Սանկտ-Պետերբուրգում, որտեղ «Փաշինյանը պատասխան կտա»: Այնուհետև, Լուկաշենկոն պատմել է Աստանայում նոյեմբերի 8-ին անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի մասին՝ նշելով, որ ՀԱՊԿ նոր ղեկավարի հարցն իրոք քննարկվել է, սակայն «տևել է գուցե 15 րոպե»:

Թվում է թե, սովորական հաղորդագրություն է սա՝ մի երկրի ղեկավարի և այդ երկրում մեկ այլ երկրի դեսպանի միջև: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ապտակ Հայաստանի ղեկավարությանը: Ադրբեջանը, որը ՀԱՊԿ-ի անդամ չէ, փաստորեն բացատրություններ է պահանջում Բելառուսից, թե ինչու՞ չի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ընտրվել Բելառուսի թեկնածուն: «Բատկան» էլ, այսպես ասած՝ նստել-պատմում է քիչ է, դրան գումարած նաև այդ մասին պաշտոնական հաղորդագրությունն էլ տարածում են:

Այսինքն, հստակ բացվում էին Ադրբեջանի ծրագրերը ՀԱՊԿ-ում՝ ընդդեմ Հայաստանի ներկայացուցիչ ծրագրի ու հիմա Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում հաշվետվություն են ներկայացնում Ադրբեջանին՝ արած ու չարածի մասին:

Փաշինյանի մաքսիմում պլանը բացահայտվեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող են զբաղեցնել Հայաստանի կամ Բելառուսի ներկայացուցիչները կամ կազմակերպությունը կշարունակի գլխավորել պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, նոյեմների կեսերին կարծիք է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Տողանյանը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Աստանայում գագաթնաժողովից հետո չեն պայմանավորվել այս հարցի շուրջ, բայց կա մի քանի տարբերակ։ «Հիմա պարտականությունները կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, պաշտոնակատարի ժամկետը կարող է երկարացվել կամ կարող է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչը։ Բայց քանի որ մենք հետ ենք կանչել մեր գլխավոր քարտուղարին, ապա այբբենական կարգով հերթը բելառուսներինն է։ Այսինքն, կընտրվի կամ Հայաստանի, կամ Բելառուսի ներկայացուցիչը, կամ պաշտոնակատարը», – ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ որոշումը պետք է ընդունվի փոխզիջման հիման վրա, այսինքն` ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները պետք է համաձայնության գան։

Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։ Մինչդեռ պաշտոնական Երևանը պնդում էր, որ Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու բավարար ռեսուրս: Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը, նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե պետք է հասկանալ՝ կարո՞ղ է անցումային փուլում գտնվող Հայաստանը շարունակել կրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու, ԵԱՏՄ-ում նախագահության ծանրաբեռնվածությունը:

«Հայաստանը՝ որպես երկիր, որը իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման գործում, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ», ասել է Նաղդալյանը:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հստակեցրել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ նոյեմբերի 8-ին կայացած քննարկումների ընթացքում որոշում է կայացվեց քննարկումները տեղափոխել դեկտեմբերի 6 այն պատճառով, որ որևէ կոնսենսուս ձեռք չի բերվել այդ հարցի շուրջ: «Մենք, բնականաբար, ունենք տեսակետներ հարցի լուծման առնչությամբ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ»,- շեշտեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է նաև հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքում այն հանգամանքին, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ կապված քննարկումները ներկայացնում է կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը: «Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերվում է անդամ 6 պետություններին: Եվ, բնականաբար, այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Ինչ վերաբերվում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»,- պատասխանեց Աննա Նաղդալյանը:

Այսպես, Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016թթ, պաշտոնական Երևանն այդ մեկ տարին համարում է Հայաստանի ամենահաջող նախագահություններից մեկը: Սակայն ևս մեկ տարի Հայաստանին այդ կառույցը ղեկավարելուց զրկելու հստակ քաղաքականություն է տարվում, դա արձանագրում է նաև պաշտոնական Երևանն իր հայտարարություններով:

Արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի համար, հիմա իդեալական տարբերակը կլինի, որպեսզի կազմակերպությունը շարունակի գլխավորել պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Այսինքն, արձանագրելով պարտությունը՝ պաշտոնական Երևանը Պուտինից շնորհակալ կլինի, եթե որոշվի, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնում է պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին: Սա, թերևս, կլիներ կիսապարտություն՝ Հայաստանի իշխանության համար, քարոզչության տեսանկյունից, այն առումով, որ Բելառուսի թեկնածուին նախապատվություն չտրվի: Այս մտքի հետ է, կարծես, հաշտվել Հայաստանի իշխանությունը: Սա այն առավելագույնն է, որով հնարավոր կլինի թաքցնել ակնհայտ ձախողումը:

Ինչու՞ Պուտինն այդպես դաժան վարվեց

ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», – ասել էր Յ. Ուշակովը լրագրողներին: Նա նշել է, որ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:

Ինչ էր ասել այս հայտարարությունից ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա բավական ինքնավստահ տոնով հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջարկել է հետաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկեց, որ, քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսի հասնելը», – լրագրողներին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Մոսկվան, ոչ ավել, ոչ պակաս Փաշինյանին «սուտ է հանել»: Ու այստեղ արդեն կարևոր էլ չէ, թե ո՞վ ավելի ճիշտ, կամ հնարավոր է, երկու կողմն էլ կիսաճշմարտություն է ասում: Խնդիրն այն է, որ Մոսկվան հրապարակային «սուտ է հանում» Նիկոլ Փաշինյանին, այն էլ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից 3 օր առաջ: Ինչու՞… Ըստ ամենայնի, Մոսկվան դեռ շարունակում է բոլոր հարմար առիթներն օգտագործել Փաշինյանին «տեղը դնելու» համար, ինչը վկայում է այն մասին, որ Մոսկվան չի ներել Փաշինյանի կառավարության քայլը՝ ՀԱՊԿ-ի վարկանիշին ուղղված գործողությունը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ «Ազատությանը» փոխանցել է, որ Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով։ Ըստ Եղոյանի, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։

Վաղը Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը գործընկերների հետ կհանդիպի այլ ձևաչափում՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում, բայց արդյոք նա Մոսկվայից կբերի՞ Պուտինի «դաբրոն»՝ ցույց տալու խորհրդարանական ընտրություններից 2-3 օր առաջ իր նկատմամբ սերն ու հանդուրժողականությունը:

Փաշինյանն ու դաշնակիցները

ՀԱՊԿ-ական բուռն իրադարձությունները շարունակվեցին դեկտեմբերի սկզբից: ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է լինել «Բելառուսի ներկայացուցիչ», հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք անսպասելիորեն գրեթե ՀԱՊԿ նիստ անցկացրինք, և սկզբունքորեն որոշեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը»,- ասել է Լուկաշենկոն լրագրողներին Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովից հետո: Նա նշել է, որ բանակցությունների կողմերին հաջողվել է պայմանավորվել թեկնածուի ընտրության մեխանիզմի շուրջ:

Այս սենսացիոն հայտարարությանը հաջորդեց պաշտոնական Երևանի արձագանքը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասաց նա։

Դժվար է ընկալել Հայաստանի իշխանության համառությունը: Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցչի հարցը, թերևս, ՀԱՊԿ-ականների համար վաղուց սպառված հարց է: Եթե քննարկվում էլ է հարց, ապա դա ռուսաստանցի պաշտոնակատարի՞, թե՞ բելառուսցի ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնելն է: Այսինքն՝ Հայաստանը կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը, և դա շատ լավ գիտի Փաշինյանը, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ նա ցույց է տալիս, թե իբր Հայաստանը շարունակում է պայքարել ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի կլիներ ԱԺ ընտրություններից առաջ այս հարցով հանրային քննարկումները փակել, բայց չստացվեց, անկախ նրանից, որ պաշտոնապես ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղար չի նշանակվել:

Ի դեպ, աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին հարցին: «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ»:

Ապա, նա հավելել էր, որ համոզված է, որ ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: «Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մենք որպես ժողովուրդ պետք է մեր միջավայրը հասկանանք: «Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբևէ մեր հարաբերություններում որևէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ և դրանց լիարժեք իրականացում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, Փաշինյանը այժմ էլ ՀԱՊԿ-ականների դիրքորոշումն է ուզում հստակեցնել՝ ԼՂ հարցում: Բայց այդ դիրքորոշումը շատ վաղուց հայտնի է. ՀԱՊԿ մեր դաշնակիցները բազմիցս ապացուցել են, թե որքան են նրանց համար թանկ Ադրբեջանի հետ հարաբերությունները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը՝ օդում է, Հայաստանը դաշնակիցներ չունի այս հարցում՝ սա արդեն ակնհայտ է: 2019-ին կշարունակվեն վեճերը, բայց արդեն ակնհայտ է, որ Մոսկվայի համբերության բաժակը լցվել է, ու ինչի դիմաց հայկական կողմը կլռի՝ ցույց կտա ժամանակը:

Մետաքսյա Շալունց