«Իմ քայլը» Վազգեն Մանուկյանին վարչապետ չի ընտրի. դա իրատեսական չէ. քաղաքագետ

Պետք է լինի 3-րդ մոտեցում

ա

Գործող իշխանությունը և ընդդիմությունն ունեն 2 մոտեցում, այդ երկու մոտեցումների պարագայում էլ քաղաքական ճգնաժամը լուծում չի ստանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

«Պետք է արձանագրենք 2 մոտեցում․ իշխանությունն ասում է՝ եկեք ստորագրենք հուշագիր, ինչ-որ պայմանների մասին և անենք արտահերթ ընտրություններ՝ մեր ղեկավարմամբ՝ չնայած արտահերթ ընտրությունների առաջարկը եղել է ընդդիմության կողմից»,- ասաց Գագիկ Քեռյանը:

Նա նաև մեկնաբանեց ընդդիմության մոտեցումը, որը իրենից ենթադրում է Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունները:

«2-րդ դիրքորոշումը ընդդիմության և արտախորհրդարանական ընդդիմության մոտեցումն է՝ Նիկոլ Փաշինյանը կեղծելու է ընտրությունները, իսկ մենք պետք է կազմենք ժամանակավոր իշխանություն Փաշինյանի հրաժարականից հետո և 1 տարի անց անցկացնենք ընտրություններ»,- ասաց նա:

Քաղաքագետը նաև ընդգծեց՝ երկու մոտեցումներն էլ սահմանադրական թերություններ ունեն, և երկու մոտեցումներն էլ չեն լուծում քաղաքական ճգնաժամը, այլ պայքար են մղում գործադիր իշխանության համար: Առաջին դեպքում քաղաքական ճգնաժամը գուցե խորանա, որովհետև հնարավոր են ընտրության կեղծումներ, իսկ 2-րդ պարագայում իրատեսական չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի Վազգեն Մանուկյանին:

«Երկու մոտեցումներն էլ սահմանադրականության իմաստով լուրջ թերություններ ունեն: 1-ին դեպքում հնարավոր է, որ արտահերթ ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամը չհաղթահարվի, որովհետև ընդդիմության որոշ հատվածներ կարող են համարել այն կեղծված, իսկ 2-րդ դեպքում, թերևս կարելի է ենթադրել, որ «Իմ քայլը» պետք է ընտրի վարչապետ Վազգեն Մանուկյանին, ինչը իրատեսական չէ: Հստակ կարող ենք նշել՝ երկու կողմերն էլ չեն լուծում քաղաքական ճգնաժամը, այլ պայքարում են գործադիր իշխանության համար»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Գարիկ Քեռյանն առաջարկեց 3-րդ մոտեցում՝ նշելով, որ անցել է շուրջ 4 ամիս, բայց ոչ մի էական փոփոխություն չկա, և պետք է լինի 3-րդ մոտեցում:

«Արդեն անցել է շուրջ 4 ամիս, և չկա մեկ այլ լուծում, և երկու կողմերն էլ չեն զիջում, բնականաբար, պետք է այստեղ ենթադրել, որ պետական շահերից ելնելով՝ պետք է գտնել 3-րդ լուծում»,- ասաց Քեռյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում