Փաշինյանը խաբել է և պետք է հեռանա. Հրապարակ

Այն, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, անհերքելի է
միսկարյան

Հարցազրույց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ


- Վերջին երկու օրերին Դուք անսպասելի գրառումներ եք անում։ Օրինակ, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, եւ այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Երեկ էլ գրել էիք․ «Մինչեւ հիմա խորովածի (ռեֆորմների) հանձնաժողով չի՞ ձեւավորվել»։ Դուք ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանից հիասթափվածների շարքում եք, բայց երեկվանը շատ կոշտ էր, ինչո՞վ էր պայմանավորված այս վերջին գրառումը։շ

- Պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսով ու ռեֆորմների նկատմամբ իր մոտեցմամբ, որը նա ներկայացրեց խորովածի օրինակով, թե ինչու պետք չեն այդ փոփոխություններն ու ռեֆորմներն անել արագ։ Որովհետեւ խորովածն այրվում է եւ այլն, եւ այլն։ Ստացվում է՝ 2 տարի նստել ենք, սպասել էդ խորովածին, ու դեռ մի բան էլ նոր հանրային պահանջ պետք է լինի։ Սա աբսուրդ է եւ սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ռեֆորմներից։ Ու դա ինձ հունից հանեց։

- Իսկ ծխախոտի հետ կապված բացահայտումները՝ արդեն մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռն է ձերբակալվում։ Այս փաստերն ավելի վախենալու ու հունից հանելու չե՞ն։

- Ասել, որ հեղափոխությամբ Հայաստանում հանցագործությունն իսպառ պիտի վերանար, իհարկե, դա միամտություն կլիներ, ու բնական է, որ նրանք, ովքեր գործել են հանցագործություններ, նրանք պիտի փորձեին խուսափել դրանից, նրանք, ովքեր նոր «հնարավորություններ» կտեսնեին էս հեղափոխության մեջ, կփորձեն օգտվել էդ հնարավորություններից եւ հանցագործ ճանապարհով մեծ գումարներ վաստակել։

Պարզ է, որ ոչ բոլոր պաշտոնյաներն էին լինելու բարեխիղճ եւ տրվելու էին կառավարման այդ գայթակղությանը՝ ունենալով ավելի լայն լծակներ, քան երբեւէ։ Ու էդ ամենն ընդունելի է, հասկանալի, ու  բնական է, որ պիտի լինեն, բայց հարցն այն է, թե մենք ինչպես ենք դրա դեմ պայքարում եւ ինչ հիմքեր ենք դնում՝ հետագայում դրանք նվազեցնելու ու դրանցից խուսափելու համար։ Էդ հիմքերը պետք է դրվեն ռեֆորմների միջոցով, որոնք, ցավոք սրտի, էսօր ոչ մի կերպ չեն արվում։ Ավելին՝ պարզվում է, որ հեղափոխությունից հետո 2 տարի անց պետք է հանրային պահանջ ձեւավորվի, որպեսզի կրթական, դատաիրավական համակարգում բարեփոխումներ լինեն։

Պարզվում է՝ վեթթինգը, որ հնչել է հեղափոխության ամբիոնից, հիմա չենք անում, որովհետեւ դա պետք է Սահմանադրության հետ փոխվի, իսկ Սահմանադրությունը չենք փոխում, որովհետեւ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը թույլ չի տալիս։ Այսինքն՝ ամեն կերպ խուսափում ենք ռեֆորմներից, ինչն ինձ շատ խիստ անհանգստացնում է։

- Գրել էիք՝ կա համակարգային կոռուպցիա, ովքե՞ր են դրանով զբաղվողները։

- Ինձ հիմա դժվար է ասել, բայց այն, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, անհերքելի է։ Ու ասելով չէ, որ չկա ու վերջ։ Ու երբ ես ասում եմ, որ դրա հովանավորը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նկատի ունեմ այն, որ նա համակարգում է կոռուպցիան, այլ այն, որ նա չգնալով ռեֆորմների, չփոխելով համակարգը եւ չպայքարելով կոռուպցիայի դեմ համակարգված, ինքը գուցեեւ չցանկանալով, բայց անմիջականորեն հովանավորում է այն։

- Գրել էիք․ «Մի օր փաստերը կվերջանան` փաստի առաջ կկանգնեք, էդ ժամանակ կհիշեք ինձ, բայց արդեն ուշ կլինի։ Գինեգործ Սիսակ»։ Ձեզ նաեւ հունից հանում են այդ 100 փաստե՞րը, որոնք, շատերի գնահատմամբ ճիշտ չեն եւ մանիպուլացնող են։

- Այո, հասկանում եք՝ հեղափոխությունը եղել է կոնկրետ խնդիրներ լուծելու համար․ դատական համակարգի բարեփոխումներ, կուսակցությունների մասին օրենք, քաղաքական դաշտի փոփոխություններ եւ արդարության վերականգնում՝ սեփականության ճանաչման ու փոխհատուցման միջոցով։ Չի արվել։ Էս ապօրինի գույքի մասին օրենքը դա նոր ու վիճահարույց մեթոդ է, որը հաջորդ իշխանությունների համար գուցե դառնա գործիք՝ նախկիններին, այսինքն՝ էսօրվա իշխանություններին հետապնդելու։ Սեփականության բաշխումն ու ճանաչումը ամենամեծ խնդիրն է պետությունների պատմության մեջ։ Եվ մենք չփորձեցինք նույնիսկ անցումային արդարադատության էլեմենտներով իրագործել դրանք։ Մեկը փախավ, մյուսը եսիմ ինչ-որ գումարներ մուծեց բյուջե, էն մեկն ասաց, որ իրեն ինչ-որ բան են առաջարկել, ինքը հրաժարվել է․․․ էսպես արդարություն չեն վերականգնում։

- Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ մոռանում է նախորդ խոստումները, արագաչափերի մասին զարմացած հարցեր, վերջին ասուլիսին՝ զարմանք, թե այդ ե՞րբ եմ ասել՝ «պինցետով հանեմ, օղիով ախտահանեմ»։ Բայց այդ կադրերը գտնում են, նորերի հետ են մոնտաժում, եւ Փաշինյանն անհարմար դրության մեջ է հայտնվում։ Մոռացկոտությունն ամեն ինչո՞ւմ է։

- Ինձ համար դժվար է Փաշինյանի հիշողությանը գնահատական տալը, դա իմ խնդիրն էլ չէ։ Ես ուզում եմ, որ հեղափոխության ժամանակ հռչակված օրակարգն իրականացվի։ Եվ ուզում եմ, որ պարոն Փաշինյանը հասկանա, որ այդ հանրային պահանջը կա, եւ եթե մարդիկ համեստորեն լռում են կամ սպասում են այդ ռեֆորմներին, բայց դրա մասին շատ չեն խոսում, չի նշանակում, որ մարդիկ մոռացել են։ Պարզապես մարդիկ չեն ցանկանում գնալ ցնցումների՝ սպասելով, որ կառավարող ուժն իր վրա քաղաքական պատասխանատվություն կվերցնի։

- Դուք նախկինում ասել էիք՝ «այլապես կլինի նոր հեղափոխություն», դառնում եք արմատական ընդդիմությո՞ւն։

- Ես չգիտեմ՝ ինչ է արմատական ընդդիմությունը, եթե դա իսլամիստ-տեռորիստն է, ապա՝ ոչ։ Ես ունեմ մի օրակարգ, իմ համար կարեւոր է, որ էս պետության մեջ նոր համակարգ ձեւավորվի։ Դրա համար ասացի, թե ինչ է անհրաժեշտ, եւ, առհասարակ, արմատական փոփոխություններ։ Եթե այդ օրակարգը պահանջում է լինել արմատական ընդդիմադիր, ես արմատական ընդդիմադիր եմ, եթե պահանջում է լինել համագործակցող էն ուժի հետ, որն այն իրականացնելու պատրաստակամություն է ստանձնել, ես, ուրեմն, արմատական չեմ։ Իմ նպատակն էն չէ, որ ես անպայման լինեմ իշխանություն կամ ընդդիմություն, կամ միակ ընդդիմությունը։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պարտավորություն է վերցրել, ես վստահել եմ նրան, կանգնել եմ կողքը եւ փորձել եմ անել այնպես, որ գա իշխանության եւ անի։ Եթե չի անելու, նշանակում է՝ ինձ խաբել է եւ պետք է հեռանա։ Ու էդ դեպքում ես կգամ ու կանեմ, մենք կգանք ու կանենք։

- Կուսակցությունում կիսո՞ւմ են Ձեր մոտեցումները, չկա՞ն տարաձայնություններ։

- Իհարկե՝ չկան, մեզ մոտ կարծիք արտահայտելու ազատություն է։ Բայց ասեմ, որ այդ գրառումն արել եմ իմ անունից, իմ համոզմունքն է, որը, այո, միգուցե շատ սուր էր։ Բայց այս միտքն արտահայտել եմ ըստ այն իրավիճակի ու հոգեվիճակի, որ ես եմ ունեցել։

Հարցազրույցը՝ Հրապարակի