Փաստաբանները չպետք է նույնացվեն իրենց վստահորդի հետ. Տարոն Սիմոնյան

Փաստաբանների նկատմամբ բռնություններ կամ մասնագիտական գործունեության խոչընդոտումներ միշտ էլ եղել են

Փաստաբանների իրավունքերի պաշտպանության, վերջին շրջանում նրանց նկատմամբ կատարված բռնությունների, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր նախագծերի մասին ArmeniaDaily.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ:

Պատգամավորի խոսքով՝ հանրության մոտ թյուր կարծիք կա ձևավորված, որ փաստաբանին կարելի է նույնացնել իր վստահորդի հետ. «Աամբողջ աշխարհում է այդպես, որ փաստաբանները չպետք է նույնացվեն իրենց վստահորդների հետ, ավելին՝ մեր օրենսդրությունում էլ դա կա, պարզապես, մեր օրենսդրությունում չկա պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերն այն անձանց համար, ովքեր կնույնացնեն, կսպառնան կամ կվիրավորեն փաստաբաններին»:

Տարոն Սիմոնյանի խոսքերով փաստաբանների նկատմամբ բռնություններ կամ մասնագիտական գործունեության խոչընդոտումներ միշտ էլ եղել են, պարզապես նախկինում մարդկանց շատ փոքր հատվածն էր, որ կարող էր իրեն թույլ տալ կամ սպառնալ փաստաբանին:

«Այսօր, երբ քաղաքական իշխանությունը փոխվել է և առաջացել է անհրաժեշտություն պաշտպանել նախկին իշխանության հետ կապ ունեցող անձանց՝ նույն դատական ատյաններում, հանրությունը չի կարողանում հասկանալ, ինչպես կարող են այդ անձինք ունենալ փաստաբանական պաշտպանության իրավունք»,-ասաց նա:

Անդրադառնալով Լուսավոր Հայաստան խմբակցության մեկ այլ նախաձռնությանը՝ քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին ստեղծելու վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ մեր երկրում աշխատողների իրավունքները նորմալ չեն պաշտպանվում:

«Տարիներ առաջ մենք այդպիսի մարմին ունեինք, սակայն հետագայում այն կցվեց մեկ այլ մարմնի և դրա արդյունավետությունն ըստ մեզ բավականին լուրջ պակասեց: Լուսավոր Հայաստան  խմբակցությունը տեսնում է դրա կարիքը և այդպիսի առաձին ստորաբաժանում պետք է նորից ստեղծվի, որպեսզի մեր աշխատողների իրավունքներն ավելի լավ պաշտպանվեն»,-իր խոսքում նշեց  Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: