Կրել, տոկալ

Ձեր ոչ մի կանչն անպատասխան չի մնա, Ես ձեզ հետ եմ՝ ձեզ օգնելու համար
հավատ

Փետրվարի 19

Մի մոռացեք ձեր դժվարությունները դիմավորել սիրով ու խնդությամբ: Վստահ եղեք, որ Ես ձեզ հետ եմ: Հիշեք, որ մրցավազքի մեջ ամենակարևորը վերջին մետրերն են:Հուսախաբ մի արեք Ինձ: Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի. վստահեք Իմ Մեծ Սիրուն:

Աշխարհից ելնող քանի-քանի աղոթքներ անպատասխան մնացին և այդ՝ միայն այն պատճառով, որ թեպետ աղոթեցին, բայց չկարողացան տոկալ մինչև վերջ: Կարծեցին, թե արդեն այնքան ուշ է, որ իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն, հուսահատվեցին՝ մտածելով, որ Ես այլևս չեմ կարող օգնել իրենց: Մտաբերեք Իմ Խոսքերը. «Ով որ մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»:

Կարո՞ղ եք մինչև վերջ տոկալ: Եթե կարողանաք, ապա ձեր փրկությունն ապահովված կլինի: Պետք է քաջ լինեք համբերության մեջ, կարողանաք տոկալ սիրով ու խնդությամբ: Ախ, Իմ որդիներ, Իմ դաստիարակության ձևը մի՞թե այդքան դժվար է ընդունվում ձեր կողմից:

Ընտիր ու գաղտնի գանձերի շտեմարանները պիտի բացեմ ձեզ համար. բաներ, որ անմատչելի են շատ-շատերին: Ձեր ոչ մի կանչն անպատասխան չի մնա: Ես ձեզ հետ եմ՝ ձեզ օգնելու համար: Առաջ ընթացեք, ինչպես որ ասել ու պատվիրել եմ ձեզ: Երբ դուք խոնարհությամբ համակերպվեք Իմ բոլոր ասածներին՝ հոգևոր, մտավոր ու ֆիզիկական հաջողությունը ձերը կլինի: Սպասեք, լռության ու դադարի պահեր ապրեք՝ համակված Իմ Ներկայության գիտակցությամբ, որպեսզի ձեր հոգիները վայելեն Հանգիստը, Զորությունը, Ուրախությունը և Խաղաղությունը: