Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

Նախաքննությունը շարունակվում է

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրավական ծառայությունից:

Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի:

Նույն օրը, ժամը 10.49-ին, տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա:

Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները՝նշված հասցեի նկուղային հարկում, հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 29, 26, 28, 21 և 25-ամյա անձինք, իսկ 25-ամյա Դավիթ Օհանյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ջնջված գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին կետերի հատկանիշներով։

Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 23։40-ին, Միչուրինի 20 հասցեի նկուղային հարկում, միջանձնային հարաբերություններից առաջացած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդն իր մոտ պահվող «Մակարով» ատրճանակից, սպանություն կատարելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։

Արդյունքում՝ 3 անձ մահացել է, 5-ը ստացել են հրազենային տարբեր վնասվածքներ։