Չկա նման բան. Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ վարչապետի հետ տարաձայնությունների հետևանք էր նրա հրաժարականը, ՊՆ նախարարն ասաց, որ առանց որևէ պատճառի որևէ հրաժարական չի լինում

Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու:

«Ինչպես տեսնում եք, արդարացված չեն: Չկա նման բան, նման որևէ քննարկում չենք ունեցել»,-ասաց Տոնոյանը:

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Դավիթ Տոնոյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել: Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա նույնպես իր իրավասությունն է. պարոն Վանեցյանը դա կանի ժամանակին»:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ վարչապետի հետ տարաձայնությունների հետևանք էր նրա հրաժարականը, Տոնոյանն ասաց, որ առանց որևէ պատճառի որևէ հրաժարական չի լինում:

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականին, Տոնոյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, ես հերքում եմ որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայով: Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություն չունեմ»: