ԱԺ դարպասների փակումը մեսիջ էր, որ իշխանությունն այլևս թափանցիկ չէ, ստեղծված իրավիճակը պոպուլիզմի հետևանք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Անի Սամսոնյանը կարծում է, որ Ամուլսարի շուրջ թնջուկն էլ ավելի է խտանում, այնինչ` հակառակը պիտի լիներ, փորձաքննությունը պետք է բազմաթիվ հարցերի պատասխաներ, ինչը չեղավ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Անի Սամսոնյանը կարծում է, որ Ամուլսարի շուրջ թնջուկն էլ ավելի է խտանում, այնինչ` հակառակը պիտի լիներ, փորձաքննությունը պետք է բազմաթիվ հարցերի պատասխաներ, ինչը չեղավ: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ դիմել էր Քննչական կոմիտեին հենց փորձաքննության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, քանի որ այս ընթացքում պարզվեց, որ որպես այդպիսին փորձաքննություն չի էլ եղել:

«Առաջին հարցն այն է, թե ինչպես էր ընտրվել «Էլարդ» ընկերությունը փորձաքննություն իրականացնելու համար, օրինակ` պարզ դարձավ, որ կառավարությունում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը կապեր ունի այդ ընկերության հետ, ինչը առաջացնում է հարցեր: Մյուս խնդիրն այն է, որ «Էլարդը» չի արել իր սեփական փորձաքննությունը, այլ հավաքագրել տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից և համադրելով տեղեկությունը՝ տվել է գնահատական: Եթե գործողությունների ծրագիրը նայեք, պարզ գրել են՝ հանդիպել են «Լիդիանի» ներկայացուցիչների հետ, իրենց հետ գնացել են տեղանք, այնտեղ եղել են մեկ օր, մասնակցել են «Լիդիանի» կոնֆերանսներին, այսինքն` «Լիդիանն» ազդեցություն է ունեցել որպես տեղեկատվության աղբյուր այս փորձաքննության վրա: Մյուս խնդիրը ռիսկերին է վերաբերում, և պարզվում է՝ ունիվերսալ փաստաթուղթ է, որտեղ բոլորը կարող են գտնել հարցերի իրենց ուզած պատասխանները»,-նշեց նա:

Անի Սամսոնյանն ընդգծեց, որ ռիսկերի առկայության պայմաններում անթույլատրելի է Ամուլսարի շահագործումը և իր համար հասկանելի չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տրամաբանությունը, թե Ամուլսարի շահագործումը բնապահպանական աննախադեպ չափորոշիչներ է մտցնելու հանքաարդյունաբերության ոլորտում:

«Կառավարությունը միշտ հղում է արել ժողովրդի իշխանությանը, թե ժողովուրդը պիտի որոշի, ասի, թե ինչ է ուզում, իսկ հիմա այնպիսի իրավիճակ է, որ ժողովուրդը չի ուզում, որ Ամուլսարը շահագործվի, քանի որ ժողովուրդը իր կյանքի առողջության համար տեսնում է վտանգներ»,-ասաց նա` հավելով, որ իշխանությունները չպետք է գնան միանձնյա որոշումների ճանապարհով:

Անդրադառնալով քաղհասարակության հետ շփումներում Նիկոլ Փաշինյանի վարքագծի փոփոխությանը և ձևավորվող անջրպետին, նա նշեց, որ ստեղծված իրավիճակը  կառավարության պոպուլիզմի արդյունքն է, երբ արվում են հայտարարություններ, որոնց համար հող չկա, ցավոտ պատասխաններ են տրվում:

Պատգամավորի կարծիքով՝ այսպիսի իրավիճակ ստեղծվել է նաև սուպերվարչապետական համակարգ ունենալու պատճառով:

«Երբ մենք ասում էինք, որ ոստիկանությունը պետք է դուրս բերվի վարչապետի ենթակայության տակից և հաշվետու լինի ԱԺ-ին, մենք ասում էինք այն օրերի համար, ինչը կատարվեց 2 օր առաջ Բաղրամյան պողոտայում, ոստիկանությունը բնականաբար կատարում է հրահանգներ, այն, ինչ կատարվեց, բոլորիս համար զարմանալի էր: Մարդիկ գիտեին, թե ոստիկանությունն էլ է փոխվել, իրենցն է, տեղի են ունեցել բարեփոխումներ, որ այս իշխանությունը հարգելու է մարդկանց բողոքի իրավունքը, որ բողոքի՝ փողոց փակելու գործիքը այլևս իրենցից չեն խլի, և զարմանալի է, որ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, որ փողոց փակելը արդիական չէ, իսկ ով ասաց, որ դա ոստիկանությունն է որոշում»,-մանրամասնեց պատգամավորը:

Անի Սամսոնյանի խոսքով՝ իր համար խորհրդանշական էր նաև ԱԺ դարպասների փակելն ակցիայի մասնակիցների առաջ:

«Երբ ես իջա Բաղրամյան պողոտա, ինձ ասացին, որ անվտանգությունը բա ինչպե՞ս պահեն, որ ասում եք բաց պահեն, ես էլ ասացի, որ հոկտեմբերի 2-ից ավելի վտանգավոր օր այս տարածքում չի եղել, երբ մարդիկ մոտեցել էին շենքին, պատրաստ էին կրծել նախկին համակարգի պատգամավորներին, գերպայթյունավտանգ իրավիճակ էր»,-նշեց նա:

Անի Սամոսնյանն ասաց, որ բաց դարպասները որոշակի առումով խոսում էին իշխանության բաց, թափանցիկ աշխատանքի մասին, և ԱԺ դարպասների փակմամբ մարդիկ մեսիջ ստացան, որ իշխանությունն այլևս բաց, թափանցիկ չէ:

Անի Սամսոնյանն ասաց, որ քննադատելով ԼՀԿ-ն պղտոր ջրում ձուկ չի որսում, քանի որ իրենք կոմֆորտի գոտի չէին մտել, չեն փորձել շատերի նման տեղավորվել վարչապետի ավտոբուսի մեջ: