Հայաստանի դատական համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս տիրոջ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի դատական համակարգն անհամատեղելի է նոր իրողությունների հետ

 

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակն ինձ ցնցեց: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցնցեց, որովհետև այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018թ.-ին՝ տրանսֆորմացիայի շրջանում, չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլիացիա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սահմանադրության տեքստի հեղինակները տարիներ առաջ պնդում էին, թե գտել են՝ ինչպիսին պետք է լինի իդեալական սահմանադրական դատարանը, այնինչ դա այդպես չէ: «2019թ.-ի Հայաստանը պետք է ունենա 2019թ.-ի Սահմանադրական դատարան: Այս խնդիրը պետք է լուծվի»:

Խոսելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մեկ դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է պաշտոնական կայքում և որտեղ ասվում է, որ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ: «Քաղաքական մակարդակի շփումներում և Եվրախորհուրդը և Եվրամիությունը լիարժեք աջակցություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ դատաիրավական բարեփոխումների հարցում»,- նշեց վարչապետը:

Հարցին՝ հնարավո՞ր է մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա, որ հասկանանք, թե ինչ համակարգ է սա: Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա հետ կապված, երբ հնարավորություն ունեցա արձագանքներ տեսնել, արձանագրեցի, որ կա կարևոր ու արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած Սահմանադրություն չենք ունեցել:

Չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որ չասեն, թե իրենց վրա են ուզում ձևել այս սահմանադրությունը: Կարևոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդը գնա քվեարկի, որ ասի՝ սա իմ սահմանադրությունն է, որ ամեն անգամ շնորհավորելիս մեզ չհիշեցնեն, թե չեք հիշում՝ դա ոնց ընդունվեց»:

Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ, այնինչ «համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս, թե ով կարող է տեր դառնալ դատական համակարգին, չի բացառվում, որ ՀՀ-ից դուրս են տեր փնտրում»:

Փաշինյանը շեշտեց, թե Հայաստանի դատական համակարգն անհամատեղելի է նոր իրողությունների հետ, «որովհետև ուզում է, որ փայտը ձեռքը տեր լինի, որ գլխին տա, երբ տերը չի տալիս փայտը գլխներին` անտեր են զգում», գրում է tert.am: