Ոչ թուղթ ունեն, ոչ՝ թանաք, խեղճերը չգիտեն՝ որտեղից սկսեն

Վանեւանը՝ գյուղապետի հրաժարականից հետո

Ժողովուրդը ոչ խմելու ջուր ունի, ոչ էլ՝ ամանները լվալու, ուր մնաց ոռոգման մասին մտածեն: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքի ավագանու անդամ Գոհար Գալստյանը:

Նշենք, որ Վանեւանի նախկին գյուղապետ Նորայր Հարությունյանն արդեն 2 ամիս է, որ տվել է հրաժարական. գյուղացիները նրան մեղադրում էին մի շարք անօրինականությունների համար:

Ավագանու անդամն ասաց, որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվել է մարզպետարանի կողմից, սակայն որեւէ դրական շարժ չի նկատվել։

«Ոչ թուղթ ունեն, ոչ՝ թանաք, խեղճերը չգիտեն՝ որտեղից սկսեն, էնքան անօրինականություն ու մեծ խնդիրներ են դրված: Նախկին գյուղապետն ասում էր՝ շուրջօրյա ջուր կունենանք, բայց երբ հրաժարական տվեց, պարզ դարձավ, որ դրան հասնելը շատ բարդ է»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ երկու ամսվա ընթացքում համայնքի ջրի հարցն էլ չի լուծվել.

«Ինչ պահանջում ենք, այդ մարդն ասում է՝ ես չեմ կարող: 2 ամիս է, որ ջրագծերի բարեփոխման հարցն ենք դրել, բայց ապարդյուն: Այդ բարեփոխման համար ոչ քարտեր կան, ոչ՝ պայմանագիր: Այս ամենի մեջ չենք մեղադրում Արամ Հարությունյանին, քանի որ նախկին գյուղապետի արածներն են, որոնց տակից չենք կարողանում դուրս գալ»,- ասաց Գոհար Գալստյանը եւ նշեց, որ համայնքի բնակիչները ժամանակավոր պաշտոնակատարից որեւէ հույս չունեն:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ տեւած բողոքի ակցիաներից հետո Վանեւանի համայնքապետ Նորայր Հարությունյանը ապրիլի 18-ին հրաժարական էր տվել: