Աչաջրեցի հետախույզը՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

Թուրքիան «ամոթից» չի հիշատակում համաշխարհային հետախուզության պրակտիկայում նախադեպը չունեցող այս պատմության մասին
Սմբատ Խոջոյան Աչաջուր

1

Խորհրդային Միության հատուկ ծառայությունների աշխատակից Սմբատ Խոջոյանը պատմության մեջ է մտել, կատարելով առաջադրանք, որն առաջին հայացքից կարող է անիրական և ֆանտաստիկ թվալ:

Քսաներորդ դարի կեսերին ՀԽՍՀ Իջևանի շրջանի Աջաջուր գյուղի բնակչին վիճակված էր փոխարինել Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից մեկին:

Խոջոյանը մինչ այդ Թուրքիայում հաջողությամբ մի քանի առաջադրանքներ էր ավարտին հասցրել, գերազանց տիրապետում էր թուրքերենին և զարմանալի նմանություններ ուներ պատգամավոր Մահմուդ Շովքեթի հետ (անունը փոխված է):

Խորհրդային բանակի գլխավոր հետախուզության վարչության (ГРУ) ղեկավարությունը որոշում է Սմբատ Խոջոյանին ուղարկել Անկարա:

«Այն, ինչ մենք ուզում ենք ձեզ հանձնարարել, սովորական գաղափարների սահմաններից դուրս է: Փաստն այն է, որ Թուրքիայում իշխող կուսակցության ականավոր անդամ Շովքեթը՝ ինչպես ջրի երկու կաթիլը, արտաքին տեսքով և ձայնային տեմբրով նման է Ձեզ: Դուք կհետևեք նրան ստվերում՝ քրտնաջանորեն ուսումնասիրելով նրա սովորությունները, գործարար միջավայրը, ընկերների, հարազատների շրջապատը: Շովքեթը լուրջ առողջական խնդիրներ ունի և երկար կյանք չունի: Շուտով նա կմահանա, բայց ... ոչ ոք չի իմանա այդ մասին: Դուք նրան կփոխարինեք խորհրդարանում, կդառնաք Շովքեթ նրա ընկերների և ընտանիքի համար», - մեջբերում է գրող, պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Պապովյանը` մեջբերելով այն հանձնարարականի տեքստը, որը ստացել էր Խոջոյանը:

Հայ հետախուզության աշխատակիցը մեկնում է Թուրքիա և սկսում է հետևել Շովքեթին: Ուսումնասիրում է նրա վարքագծի ձևերը, պատգամավորի նախասիրությունները, մի քանի անգամ աշխատողի քողի տակ մտնում խորհրդարան:

Երեք տարի անց, երբ Խոջոյանը գիտակցում է, որ ամբողջովին ինտեգրվել է Շովքեթի կերպարին, Մոսկվային հայտնում է, որ «պատրաստ է»:

Խոջոյանը փոխարինում է Շովքեթին խորհրդարանում, որտեղ նա խոսում է ամբիոնից, հանդիպումներ է անցկացնում, և ոչ ոք ոչինչ գլխի չի ընկնում: Նրան հասանելի են դառնում գաղտնի օբյեկտները և հաճախակի Մոսկվա է ուղարկում արժեքավոր տեղեկություններ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Խոջոյանը նույնիսկ մասնակցում է ընտրություններին և հաղթում է:

Ըստ հեղինակի՝ Խոջոյան-Շովքեթին բացահայտում է Շովքեթի կինը, սակայն, այդ հանգամանքը նախատեսված է եղել հատուկ օպերացիայի սցենարով:

«ГРУ- ն հիանալի գիտեր, որ Մահմուդ Շովքեթի կինը ծպտված հայ է, ում հայրը հրաշքով փրկվել էր 1915 թվականին։ Դա էր հաշվարկը: Շովքեթի կինը չի դավաճանում իր «նոր-ծեր» ամուսնուն և որոշ ժամանակ անց ինքն էլ է համագործակցում Խորհրդային հատուկ ծառայությունների հետ», - ՌուսԱրմԻնֆո-ի փոխանցմամբ գրում է հեղինակը՝ «Հայերը անտեսանելի ճակատում» գրքում:

Երկար տարիներ անց, երբ Թուրքիայի հակահետախուզությունը դուրս է գալիս Սմբատ Խոջոյանի հետքի վրա, նա որոշում է Արաքս գետով անցնել ​​սահմանը:

Խոջոյանին նկատում են թուրք սահմանապահները, և նա 15 ժամ անցկացնում է ջրի տակ՝ շնչելով եղեգի ցողունով։ Խոջոյանին գիշերը հաջողվում է անցնել հայկական ​​ափ:

Սմբատ Խոջոյանը կյանքից հեռացավ 1984 թվականին՝ Երևանում: Նրա հուղարկավորությանը ի զարմանս հարազատների, որոնց Խոջոյանն ասել էր, որ ինքը սովորական սահմանապահ է եղել՝ Մոսկվայից ժամանել էին բարձրաստիճան զինվորականներ:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան «ամոթից» չի հիշատակում համաշխարհային հետախուզության պրակտիկայում նախադեպը չունեցող այս պատմության մասին:

1