Oղակը սեղմվում է

Վաշինգտոնը ցանկացած պահի կարող է գնալ կտրուկ քայլերի

«Եթե Իրանը ցանկանա պատերազմել, դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը». անցած գիշեր Twitter-ում այսպիսի գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով․ - «Երբեք մի սպառնացեք Միացյալ Նահանգներին»:Դրան ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է․ - «Թրամփը ցանկանում է հասնել մի նպատակի, որ չեն կարողացել իրագործել Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզ խանը և մյուս ագրեսորները: Իրանը մնայուն է եղել հազարամյակներ շարունակ, իսկ բոլոր ագրեսորները գնացել են: Տնտեսական ահաբեկչությունն ու ցեղասպանական ակնարկները Իրանի վախճանի պատճառ չեն դառնա»:

ԱՄՆ-ի ներսում Թրամփի ընդդիմախոսները ևս քննադատում են Իրանին վերաբերող նրա հայտարարությունները: «Երբ դու դիմում ես նման լուրջ գործողությունների, չպետք է զարմանաս, որ հետախուզական ծառայությունները սկսում են հաղորդել Մերձավոր Արևելքում լարվածության աճի մասին: Թրամփի գործողությունները Իրանի հետ բախումը ավելի հավանական են դարձնում», - նշել է Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Այսպիսով, իրադրությունն այնպիսին է, որ պաշտոնական Վաշինգտոնը տարածաշրջանում լարվածության մեծացման հնարավորության մասին է արդեն բաց խոսում։ Սա նշանակում է, որ բախումը կարող է նշանակել այն, որ Վաշինգտոնը ցանկացած պահի կարող է գնալ կտրուկ քայլերի ընդդեմ Իրանի։ Դեպքերի նման ընթացքը կարող է նոր իրավիճակ բերել ողջ տարածաշրջանի համար։ Դրա համատեքստում չի կարելի բացառել ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերություններում որոշակի ճշգրտումների անհրաժեշտությունը։

Եթե համատեքստում արժե վերհիշել օրեր առաջ Բրյուսելում Արեւելյան գործընկերության բարձր մակարդակի կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այս հայտարարությունը․ «Երբ մենք խոսում ենք ժողովրդին խաղաղության նախապատրաստելու մասին՝ դա առաջին հերթին խաղաղության նախապատրաստություն է Հայաստանում… Դուք չորս երկրներից առնվազն երկուսի հետ փակ սահմաններ ունեք, իսկ երրորդը շուտով կփակվի»:

Իրանի հետ սահմանի փակման վտանգը, փաստորեն, պաշտոնական Բաքուն արդեն իսկ հաշվում է, ավելին՝ կարելի է ասել՝ սրտատրոփ սպասում է, այս կոնտեքստում էլ համարում է, որ Հայաստանին առավել ձեռնտու կլինի ղարաբաղյան կարգավորման գործընթացում զիջումների գնալը։

Իրանական սահմանի հնարավոր փակման մասին սկսել են հայաստանյան ու ռուսաստանցի փորձագետներն են էլ կարծիքներ հայտնել, բայց արդյո՞ք կարող է մի իրադրություն ստեղծվել, երբ Հայաստանը ստիպված լինի գնալ Իրանի հետ սահմանի փակման... ՀՀ որեւէ իշխանություն, թվում է, թե չի կարող նման քայլի դիմել՝ անկախ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առկա մակարդակից:

Մետաքսյա Շալունց

hayeli.am