Փարիզում մայիսմեկյան ցույցերը վերածվեցին ոստիկանության հետ բախումների

Ֆրանսիական ոստիկանությունը հրամայել է փակել ավելի քան 580 խանութ, ռեստորան եւ սրճարան, փողոցներում որտեղ տեղի է ունենում բողոքի հիմնական ակցիան, մետրոյի բազմաթիվ կայարաններ փակվել են

Փարիզում մայիսմեկյան ցույցերը վերածվեցին բախումների ոստիկանության հետ։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, ակցիայի մասնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել, այրել մի քանի փոխադրամիջոց։ Գործակալության տվյալներով՝ կալանվել է մոտ 165 մարդ։

Ոստիկանությունը քանիցս օգտագործել է արցունքաբեր գազ, որպեսզի փորձի ցրել Փարիզի Մոնպառնաս կայարանի մոտ բողոքի գլխավոր ակցիան իրականացնելու համար հավաքվող ամբոխը։ Գործակալության թղթակիցները տեսել են գլխարկավոր սեւազգեստ մարդկանց խմբեր, որոնք բացականչել են հակաոստիկանական կարգախոսներ՝ խառնվելով դեղին բաճկոնավորների հետ կամ թափահարելով արհմիությունների դրոշները։

Ոմանք քարեր եւ այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, կոտրել մեքենաների ապակիներ։

Ֆրանսիական իշխանությունները նախազգուշացրել են, որ «արմատական ակտիվիստները» կարող են միանալ Փարիզի ցուցարարներին եւ վերսկսել անկարգությունները։

Ավելի քան 7400 ոստիկան գործի է դրվել մայրաքաղաքում։

Ֆրանսիական ոստիկանությունը հրամայել է փակել ավելի քան 580 խանութ, ռեստորան եւ սրճարան փողոցներում, որտեղ տեղի է ունենում բողոքի հիմնական ակցիան, մետրոյի բազմաթիվ կայարաններ փակվել են։