Հրաժեշտ ղեկին

Մեծ Բրիտանիայի թագուհին կդադարի ավտոմեքենա վարել

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը կդադարի ավտոմեքենա վարել ընդհանուր օգտագործման ճանապարհներին: tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը: 92-ամյա թագուհին որոշել է հետևել իր անվտանգության ծառայության խորհուրդներին և հրաժարվել մեքենա վարելուց իր կալվածքների տարածքներից դուրս: Այս որոշումը կայացվել է ավտովթարից հետո, որում հունվարի 17-ին հայտնվել էր թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ թագուհին ոչինչ չպետք է հանձնի, քանի որ նա վարորդական իրավունք չունի: Նա միակ մարդն է Միացյալ Թագավորությունում, որին թույլատրվում է վարել առանց վարորդական իրավունքի:

Աղբյուրն ընդգծում է, որ թագուհին, որը մեքենա վարելու սիրահար է, դժվարությամբ է եկել այդ որոշմանը, սակայն նա կարող է մեքենա վարել իր կալվածքների տարածքում: