ՔՊ-ում «պատերազմ» է

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

ՔՊ-ականները չեն էլ թաքցնում, որ դժգոհ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից։ Այդ դժգոհությունները գնալով ավելի բացահայտ բնույթ են կրում։

Հերթական դեպքը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում էր, որտեղ քննարկվում էր Կառավարության ծրագրի կատարողականի՝ առողջապահության ոլորտի հատվածը։ Եւ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը դիմեց Ավանեսյանին՝ ասելով, թե հատկապես շաքարային դիաբետի դեղերի հետ կապված բողոքները շատ են, և ըստ Զեյնալյանի՝ այդ բողոքներն օբյեկտիվ են։

«Բողոքները մեկ-երկուսը չեն, շատ շատ են։ Տիկին Ավանեսյան, ինձ բժիշկներ են բողոքում, առաջնային օղակի բժիշկներ են բողոքում»,- ասաց նա։ Ավանեսյանն, իհարկե, փորձեց պաշտպանվել՝ ասելով, թե միտումնավոր է արվում, որպեսզի ստվեր գցեն մի տեղ, որտեղ այդ ստվերի կարիքը չկա։ Բայց հասկանալի է՝ նախարարից թիմակիցների դժգոհություններն առկա են։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ Ավանեսյանին անհարմար դրության մեջ էր դրել ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա էլ հրապարակային բարձրացրեց հարցեր։

Բացի այդ, Ավանեսյանի հանդեպ իր հակակրանը չի թաքցնում նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Մամուլում ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է ազատվել Ավանեսյանից, այսօր տարածվեց տեղեկություն, որ նախարարը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում: Անահիտ Ավանեսյանին, կարծես թե, չի փրկում ՔՊ-ական դառնալն ու կուսակցական ժողովներին ակտիվ մասնակցությունը։

Հիշեցնենք, որ մինչ իր տակ աթոռի երերալը Ավանեսյանը միտք անգամ չուներ ՔՊ-ին անդամագրվել, իսկ կուսակցական դառնալը, ըստ էության, պայմանավորված է միայն կաշին փրկելու ցանկությամբ: