ՀՀ իշխանություններն աշխարհի չեմպիոն են անտրամաբանական գործընթացների ու հայտարարությունների առումով. Արման Աբովյան (տեսանյութ)

Մանրամասներ
նիկոլ հանրահավաք

Ունենք մի ունիկալ իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ակնհայտ սպառնում են պատերազմի վերսկսմամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

«Պատերազմի վերսկսմամբ սպառնում են Ադրբեջանը և ՀՀ իշխանությունները: Իշխանության բոլոր ջանքերը՝ ուղղված նրան, որ Ոսկեպարում տեղի ունեցողը ներկայացնեն որպես ստիպված և դեմարկացիայի շղարշի ներքո, ակնհայտ հիմարություն է: Անգամ քաղաքականությունից ամենահեռու մարդը հասկանում է, որ երբ Ադրբեջանը սկսի վերահսկել ՀՀ հյուսիսային ուղղությունը, քանզի մասնակի հարավի հանդեպ վերահսկողություն ունի Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո, Հայաստանը տոտալ կախման մեջ է ընկնում այն աշխարհքաղաքական տարածաշրջանային կենտրոններից, որոնց դոկտրինալ նպատակը մի կողմից, օրինակ, Իրանին տարածաշրջանից դուրս մղելն է ու ռազմական պլացդարմ ձևավորելը, մյուս կողմից Հայաստանին եվրոմահակներով ծեծելով ներքաշելը Թուրքիայի ռազմական հովանոցի տակ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Աբովյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններն աշխարհի չեմպիոն են անտրամաբանական գործընթացների ու հայտարարությունների առումով:

«Մի նախադասության մեջ իրար հերքող մի քանի դրույթ են կարողանում առաջ քաշել: ՀՀ իշխանությունները կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի վերջնագրերը: Այստեղ խնդիրը նրանց համար այդ ամենը փաթեթավորելն է»,- նշեց Արման Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։