Ճապոնիայի Շիբաուրայի տեխնոլոգիական ինստիտուտի և Իտալիայի Կատանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, սուրճի և թեյի մեջ հայտնաբերված դառը և տտիպ պոլիֆենոլները կարող են բարելավել հիշողությունը և արյան շաքարի վերահսկումը: Արդյունքները, news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել են Biomolecules ամսագրում։
Գիտնականների աշխատանքը ներկայացնում է մարդու առողջության համար պոլիֆենոլների օգտագործման օգուտների վերաբերյալ գոյություն ունեցող հետազոտությունների գիտական ակնարկ: Պոլիֆենոլները բույսերի հզոր միացություններ են, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով: Նրանք կարող են պաշտպանել բջիջները վնասից թթվածնի հատուկ ձևերի միջոցով, որոնք ժամանակի ընթացքում կուտակվում են մարմնում:
Գիտական ակնարկը ցույց է տվել, որ կանաչ թեյի մեջ հայտնաբերված դառը պոլիֆենոլների (կաստալագին, գրանդինին և վեսկալագին) օգտագործումը խթանում է ստամոքս-աղիքային տրակտում հորմոնների սինթեզը, որոնք անհրաժեշտ են արյան գլյուկոզի մակարդակը կարգավորելու համար:
Հայտնաբերվել է նաև, որ տտիպ պոլիֆենոլները (ֆլավանոլներ) կարգավորում են հիպոթալամուս-հիպոֆիզ-ադրենալ առանցքի ակտիվացումը: Սա հիմնական նեյրոէնդոկրին համակարգն է, որը պատասխանատու է մարմնի հոմեոստազի պահպանման, շրջակա միջավայրի գործոններին հարմարվելու և սթրեսի պայմաններում գոյատևելու համար: Այս առանցքը նաև խորն ազդեցություն ունի զգացմունքների և հիշողության կարգավորման վրա։ Նշվում է, որ կակաոյի հատիկների մեջ առատորեն հայտնաբերվում են տտիպ պոլիֆենոլներ։
0Comments