Սպանիր քո Ես-ը հիմա. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այնքան ժամանակ, քանի դեռ վիրավորանքը ձեր միտքն է գալիս, դուք ձեզ, փաստորեն, խաբում եք՝ կարծելով, թե ներել եք արդեն

Հիսուս

Մայիսի 3

Գահընկեց անել Ես-ը. այդ է թելադրանքը, բայց նրա տեղը հարկավոր է դնել Սերը և Ինձ ճանաչելու գիտությունը:

Ես-ը ոչ միայն հարկավոր է գահընկեց անել, այլև՝ սպանել: Մեռած Ես-ը բանտարկված Ես-ը չէ: Բանտարկված Ես-ը առհասարակ վնասելու շատ ավելի ունակ է: Ուսուցման ամբողջ նպատակն է՝ սպանել Ես-ը՝ լինի դա Իմ դեպքում, երբ Ես ուսուցանում եմ ձեզ, թե ձեր դեպքում, երբ սովորեցնում եք ուրիշներին:

Սակայն ամեն հարվածի փոխարեն, որ հասցնում եք ապրող Ես-ին, դուք պարտավոր եք միաժամանակ ընդունել և ամուր բռնել Նոր Կյանքը. այն կյանքը, որ պիտի ունենաք Ինձ հետ լինելով:

Մեռած Ես-ից չէ, որ պետք է վախենաք, այլ կամակոր, իբրև գերի ընկած ու արգելափակված Ես-ից: Այդ ես-ը անհամեմատ ավելի համառ ու եսակենտրոն է, քան ազատ թողնված Ես-ը: Բայց ձեզ, իմ որդիներ, Ես սովորեցնում եմ մի ավելի բարձր գիտական օրենք. Ես թելադրում եմ Ես-ի մահը: Ես-ը ճնշել, բանտարկելը չէ, որ սովորեցնում եմ, այլ՝ ուղղակի սպանելը: Այդ ժամանակ է, որ ձեր փոքրիկ Ես-ի կյանքը կփոխարինվի Աստվածային Կյանքով:

Ես-ը սպանելուց հետո է, որ Ես կարող եմ խոսել հստակ՝ վիրավորանքները ներելու մասին: Իմ հրամաններից մեկը այս է. եթե կամենում եք Իմ կողմից ներում ստանալ, նախ դուք պետք է սովորեք ներել: Սակայն՝ ինչ դուք չեք նկատում, այն է, որ դուք, այսինքն՝ ձեր մեջ եղած Ես-ը, երբեք չի ներում վիրավորանքները: Դրանց մասին մտածելն իսկ նշանակում է, որ Ես-ը ավելի կարևոր է, քան բուն վիրավորանքը, և այդ  է պատճառը, որ վիրավորանքը եղածից շատ ավելի մեծ է երևում:

Ոչ, բարեկամներս, ինչպես որ ամեն մի ճշմարիտ Սեր Աստծուց է և Աստված է, այդպես էլ ամեն մի իսկական ներում Աստծուց է և Աստվածային է: Ես-ը չի կարող ներել: Սպանեք Ես-ը: Վերջ տվեք ներելու փորձեր անել նրանց նկատմամբ, ովքեր նեղացրել կամ վիրավորել են ձեզ: Անիրավված կամ վիրավորված լինելու մասին մտածելն իսկ սխալ է: Ձեր նպատակը թող լինի Ես-ը սպանել հիմա, ձեր առօրյա կյանքի մեջ, այդ ժամանակ միայն կտեսնեք, որ մեջտեղում չի մնացել մի բան, որ ագամ վիրավորանքը մտաբերի, որովհետև միակ վիրավորվածը՝ Ես-ը, մեռած է արդեն:

Այնքան ժամանակ, քանի դեռ վիրավորանքը ձեր միտքն է գալիս, դուք ձեզ, փաստորեն, խաբում եք՝ կարծելով, թե ներել եք արդեն: Երբեմն վիրավորանքների ներելը թաքնվում է մի այլ ձևի տակ՝ Ես-ի կյանքը գաղտնորեն սնուցելու համար: Շատերն են իրենք իրենց խաբում այս բանի մեջ: