ԱՄՆ-ն Գազայի ափին ժամանակավոր նավահանգիստ կստեղծի՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար. Բայդեն

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ-ն  Գազայի հատվածում ժամանակավոր նավահանգիստ է ստեղծում՝ ծովով պաղեստինյան անկլավին մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև՝ Երկրի դրության մասին (State of Union) իր ամենամյա ուղերձով։

«Այս գիշեր ես ամերիկացի զինվորականներին ուղղորդում եմ արտակարգ առաքելություն իրականացնել՝ Միջերկրական ծովում Գազայի ափին ժամանակավոր նավահանգիստ ստեղծելու համար, որը կարող է տեղավորել սննդամթերք, ջուր, դեղորայք և ժամանակավոր կացարաններ տեղափոխող մեծ նավեր: Պաղեստինի հողում ամերիկյան զորքեր չեն լինի: Այս ժամանակավոր նավահանգիստը զգալիորեն կավելացնի Գազա ամեն օր մտնող մարդասիրական օգնության քանակը»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան մարտի 7-ին լրագրողներին ասել է, որ մարդասիրական օգնության մատակարարումն անկլավ կիրականացվի ծովային ճանապարհով՝ Կիպրոսով։ Պաշտոնյան ընդգծել է, որ նախաձեռնությունը հիմնված է Կիպրոսի «Ամալթեա» կոչվող առաջարկի վրա։