Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դնում ՀՀ էներգետիկ անվտանգությունը՝ հանուն Արևմուտքի շահերի

Մանրամասներ
Նիկոլ Փաշինյան

Ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում  ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում:  Լիխաչովն իր հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պայմանավորվածություններին ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այս համատեքստում նա, մասնավորապես, նշել է, որ Երեւանը վաղուց ատոմային էներգետիկական ակումբի անդամ է։

Լիխաչովի այս հայտարարությունը բավական ուշագրավ է դառնում, եթե այն դիտարկում ենք ՀՀ իշխանությունների՝ հեղափոխությունից հետո որդեգրած  էներգետիկ քաղաքականության պրիզմայի ներքո:   2018 թվականից ի վեր գործող իշխանությունները խոչընդոտել են Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը՝ սկսած ՌԴ-ի հետ վարկային ծրագրի խզումից: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարում էր, թե ատոմակայանում կան բազմաթիվ ավելորդ հաստիքներ, որոնք պետք է կրճատվեն:  Այսպիսով, ատոմային էներգետիկան մղվում էր երկրորդ պլան, դրան զուգահեռ իշխանությունը շեշտադրումը դնում էր վերականգնման էներգետիկայի վրա: Սա տեղավորվում էր հենց ամերիկյան ռազմավարության մեջ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Հայաստանից Միացյալ Նահանգներ պատվիրակություն էր մեկնել՝ տեղում ու մանրամասնորեն ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:  Գործադիրն էլ արդեն հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին։

Սա նշանակում է, որ Փաշինյանն Արևմուտքի հորդորով փորձում է զրկել ՌԴ-ին Հայաստանի էներգետիկ շուկայի վրա ունեցած ազդեցությունից, հարվածի տակ դնելով ՀՀ էներգետիկ անվտանգությունը: Բանն այն է, որ Արևմուտքի առաջարկած մոդուլային ատոմակայաններն ի զորու են լուծելու զուտ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, մինչդեռ ռազմավարական տեսանկյունից դրանց նշանակությունը հավասարվում է զրոյի: Ի տարբերություն ռուսական՝ մինչեւ 1200 մեգավատ հասնող հզորության կայանի՝ ԱՄՆ-ն առավելագույնը 300 մեգավատանոց մոդուլային ատոմակայանի մասին է խոսում: Բացի այդ, փորձագետները միակարծիք են, որ ամերիկյան նախագծի իրականացման ժամանակ կարող են մեծ խնդիրներ առաջանալ՝ կապված AP-1000 նախագծի համար մեծ մոդուլային սարքավորումների փոխադրման հետ, որոնք շատ ծավալուն են և ծանր: Ամենափոքր սարքավորումը կշռում է 800 տոննա, որը, պարզապես, անհնար է հասցնել Հայաստան՝ նման ճանապարհների, թունելների և կամուրջների բացակայության պատճառով։ Նրանք նաև նշում են, որ ամերիկյան մեծ մոդուլները լավ չեն միակցվում, ստիպված դրանք արդեն տեղում պետք է մշակվեն։ Նույնը կարելի է ասել SPR-1000 ռեակտորի լավ տեսք ունեցող կորեական տարբերակի մասին, որը դեռ ոչ մի տեղ չի կառուցվել։

Եթե մենք պլանավորում ենք որոշակի դերակատարում ստանձնել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում՝ հանդես գալով ոչ թե որպես ներկրող, այլ արտահանող, ապա համեմատաբար էժան ու կայուն գեներացիա ապահովող ԱԷԿ-ի առկայությունն առավել քան կարեւոր է: Այլապես իր ամբողջ իմաստն է կորցնում Հյուսիս-հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը:  Այսօր ՆԱՏՕ անդամ Թուրքիան ՌԴ–ի օգնությամբ կառուցում է Եվրոպայում ամենախոշոր ատոմակայանը, Իրանն իր հերթին նույնպես ունի զարգացած միջուկային կոմպլեքս, Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր որդեգրած քաղաքականությամբ կասկածի տակ է դնում էներգետիկ զարգացման հեռանկարը: Շատերը կհիշեն, թե ինչ էր կատարվում Հայաստանում 1990-ականներին, երբ կանգնեցվեց ատոմակայանը, իսկ գազը ստացվում էր ընդհատումներով՝ գազատարի հաճախակի պայթեցումների հետևանքով։ Նույնը կարող է կրկնվել հիմա։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու՝ Հայաստանի իշխանությունների անթաքույց ձգտումները խնդիրներ են ստեղծելու առաջին հերթին էներգետիկ համակարգի համար, քանի որ ցանկացած երկրի պարագայում էներգետիկ համակարգը տնտեսության ողնաշարն է։ Հայաստանը ևս բացառություն չէ, և այն, ինչ կարող է տեղի ունենալ աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության և Արևմուտքի շահերը սպասարկելու շրջանակներում, կարող է կոտրել այդ ողնաշարը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով...