Միացյալ Թագավորության պետք է Լաչինի միջանցքի արգելափակման հարցը շտապ բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Լորդերի պալատի անդամ

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ անցած տարվա դեկտեմբերից շարունակվող ապօրինի շրջափակմանը՝ կոչ անելով հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Քաղաքական գործիչն այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Միջազգային Կարմիր Խաչը մտահոգություն է հայտնում, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս հարցը պետք է Միացյալ Թագավորության կողմից շտապ բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - գրել է Ալթոնը:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ. ներկայում 19 բեռնատար ավտոմեքենա կանգնած են Լաչինի միջանցքի մուտքի հատվածում: Հայաստանը խնդրել է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Արցախ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով մարդասիրական ճգնաժամ է հաստատված: