Բրիտանիան Ուկրաինային խորհուրդ է տալիս զերծ մնալ նոր հարձակումներ ծրագրելուց

Մանրամասներ
զելենսկի

Մեծ Բրիտանիայի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները խորհուրդ են տալիս Ուկրաինայի բարձրագույն ղեկավարությանը և ռազմական հրամանատարներին` զերծ մնալ ռազմաճակատում նոր հարձակումներ պլանավորելուց և իրականացնելուց: Փոխարենը խորհուրդ են տալիս կենտրոնանալ պաշտպանական ռազմավարություն կառուցելու վրա:

Ինչպես նշվում է The Sunday Times-ում, այս խորհուրդը տվել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը և բրիտանական բանակի հրամանատար Թոնի Ռադակինը Ուկրաինա կատարած այցի ժամանակ։ Բրիտանացի նախարարն ու բարձրաստիճան զինվորականն այս մասին խոսել են նախագահ Վլադիմիր Զելենսկու, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ հանդիպմանը։

Հրատարակության համաձայն՝ Ռադակինը մտահոգված է, որ Սիրսկին կարող է չափից շատ սևեռվել ցամաքային մարտերի վրա։ Փոխարենը, բրիտանացի հրամանատարը փորձում է Ուկրաինայի ռազմավարությունը ձևավորել արևմտյան ռազմական դոկտրինին և ցամաքում, օդում ու ծովում առաջխաղացման անհրաժեշտությանը համապատասխան:

Մարիինյան պալատում բանակցությունների ժամանակ Շապսը և Ռադակինը խորհուրդ են տվել Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել հարձակման պլաններից:

«Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս գիծը պահել հյուսիսային և արևելյան ճակատներում և, անհրաժեշտության դեպքում, նահանջել ավելի բարենպաստ տեղանքով, որտեղ հուսով է, որ պաշտպանական գծերը կկարողանան փակել ռուսների առաջխաղացումը: Դա թույլ կտա ուկրաինացիներին կենտրոնացնել իրենց ուժերը Սև ծովի և Ղրիմի ուղղությամբ, որտեղ նրանց զորքերը վերջին կես տարում արևմտյան հեռահար հրթիռների օգնությամբ զգալի հարվածներ են հասցրել»,- գրում է հրատարակությունը։

Աղբյուրները պարզել են, որ Զելենսկին շատ հետաքրքրված էր, լավ տրամադրությամբ և բաց` բրիտանական առաջարկների համար։
Ինչպես հիշեցնում է աղբյուրը, Ղրիմի պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանը չի կարող ազատորեն գործել Սևծովյան տարածաշրջանում։ Ուկրաինան զգալի հաջողությունների է հասել Սև ծովում՝ խորտակելով ռուսական կարևոր նավերը։ Ռադակինը համոզված է, որ հենց Ղրիմի և ռուսական նավատորմի վրա հարձակումների մեջ է 2024 թվականին Ուկրաինայի հաջողության բանալին, և որ Ղրիմի վրա հարձակումները և ռուսական ռազմանավերի, մասնավորապես սուզանավերի ոչնչացումը խոցում են «ռուսական մտածելակերպի» խորքը»։

«Պուտինը գիտի, որ կորցնում է Ղրիմը, որ կորցնում է Սև ծովը։ Սևծովյան նավատորմը գրեթե 200 տարի կարողանում էր վարժանքներ անցկացնել Սև ծովում։ Այժմ Սև ծովում ոչ մի ռազմանավ չկա։ Սա պատկերացում է տալիս Ղրիմում Ուկրաինայի հաջողության մասշտաբների մասին»,- ասել է Շապսը։