Բաքուն ու Մոսկվան Բերձորի միջանցքի շրջափակումից հետո սպասում են ԱՄՆ արձագանքին

Մանրամասներ

1

Բաքվեցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը Jam-news-ին տված հարցազրույցում ասում է, որ «նկատվում է աստիճանական ընտելացում Լաչինի իրավիճակին»։ Նա ավանդական առաջարկներ չի անում՝ ուժային լուծում, եռակողմ հայտարարություն եւ այլն։ «Մենք պրագմատիզմ ենք ակնկալում Միացյալ Նահանգներից։ Խաղաղության պայմանագիրը և Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս կազատի Միացյալ Նահանգների ձեռքերը՝ ճանաչելու, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», կարծում է քաղաքագետը։

«Ամերիկացիները պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը միայն Ալմաթիի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Ակտիվության ժամանակը սպառվում է, որոշումներ կայացնելու պայմանները վատթարանում են, մանևրելու տարածքը նեղանում է», ասել է նա։

Չնայած նրան, որ այս անգամ էլ Մոսկվային հաջողվեց խափանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի ընդունումը, Բաքուն ու Մոսկվան Բերձորի միջանցքի շրջափակմամբ հայտնվել են հիմար վիճակում։ Հիմա սպասում են, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ հղում կանի Ալմա-Աթայի հռչակագրին ու Արցախը կճանաչի «Ադրբեջանի» մաս, որպեսզի վերջ տան այս խեղկատակությանը։

Ֆրանսիայի խորհրդարանը խաղաղապահ զորքեր ուղարկելու և Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին 4 բանաձև է ընդունել։ Ռուսաստանին չի հաջողվել ՄԱԿ ԱԽ բանաձեւում խցկել հղումը ռուս-թուրքական հակահայ «եռակողմ» թղթերին։ Ինչպես խոստովանել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չեն համաձայնել դրան։

Միջանցքը փակելու միջոցով Արցախը հայաթափելու կամ հնազանդեցնելու փորձերը բախվեցին արցախցիների՝ իրենց հողում ազատ ապրելու և Հայաստանի մաս կազմելու կամքին։ Արդյունքում «բնապահպաններին» բանի տեղ դնող չկա, եւ նրանք արդեն բողոքում են անիմաստ անհարմարություններից՝ ինքզինքը մխիթարելով Ս․ ծննդյան պատվին հրավառություններով։

Ավելին, Բաքվի քաղաքական գործիչները և փորձագետները նշում են, որ «բնապահպանների ակցիան» բացասական արձագանք է առաջացրել աշխարհի «ամենականաչ» կերոսինի տակառի հանդեպ. կարծիք է ձեւավորվում, որ Բաքուն բացառապես բիզնես շահեր ունի տարածաշրջանում, որ երկիրը, որը կազմակերպում է հումանիտար աղետը հանուն հանքի, չի կարող հավակնել միջազգային միջոցների՝ «խելացի և կանաչ նախագծերի» տակ օկուպացված տարածքները յուրացնելու համար։

Բաքվում ասում են, որ այս ամենն արվում է Ալիևների ընտանիքի և Էրդողանի համար։ «Երեք հազար մարդ թաղեցին, ևս հազարավորներին դարձրին հաշմանդամ մուրացկաններ՝ հանուն հյուպատոսությունների, միմյանցից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող օդանավակայանների, հանուն նախագահի և նրա ընկերների փողերի լվացման գոտու և հանուն նրա, որ թուրքական ընկերությունները տանեն օգտակար հանածոները», գրում են Բաքվի սոցիալական ցանցերում։

Սկզբնաղբյուր