Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին

Մանրամասներ
ալիև մակրոն շառլ միշել

Երեկ հայտնի դարձավ, որ մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին ապրիլի 16-ին գրել էին նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ գործընթացն ընթանում է արդեն մի քանի օր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել էին Դադիվանքի տարածքը։

Ուշագրավ է, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին կտրուկ քննադատությամբ էր հանդես եկել Իլհամ Ալիևի հանդուրժողականության դեմ՝ պահանջելով արագացնել խաղաղապահների դուրս բերումն Արցախից: Ընդ որում, այդ հայտարարությունները նա արել է «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի եթերում: Չմոռանանք, որ ադրբեջանական ընդդիմությունը հանդիսանում է Արևմուտքի փափուկ ուժը, հետևաբար նրանց ձայնը կարելի է համարել ԱՄՆ–ի ձայնը:

Ստացվում է, որ Արևմուտքը, ամեն դեպքում, որոշակի կոնսենսուսի է եկել Ալիևի հետ՝ ռուսական խաղաղապահների դուրս բերման դիմաց նրան տալով այն, ինչ վերջինս ամեն գնով փորձում է ստանալ: Դա, անշուշտ, Հայաստանի հետ մնացյալ տարածքային վեճերը ուժային ճանապարհով լուծելու քարտ-բլանշն է:  Եթե սրան էլ գումարենք Բաքվից Ֆրանսիայի դեսպանի հետ կանչը և դիտարկենք այն վարկածը, որ Էմանուել Մակրոնը քաջ գիտակցում է սպասվող գործընթացները և ուզում է պահել դեմքը, ապա պարզ է դառնում, որ Արևմուտքը նոր արկածախնդրության է պատրաստվում Հարավային Կովկասում: Այս մասին էր հուշում նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն առաջնորդվել երրորդ երկրների շահերով, որոնք տարածաշրջանում նոր էսկալացիա են պատրաստում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ձեռքերը ազատելով՝ Արևմուտքը հետապնդում է առաջին հերթին իր էներգետիկ և տնտեսական շահերը, որոնց թվում առաջնահերթ, իհարկե, պետք է նշել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որն այսօր օդի ու ջրի պես է անհրաժեշտ Արևմուտքին: