Շարքային պայմանագրային զինծառայողն ատեստավորում անցնելուց հետո 310 հազար դրամ մաքուր աշխատավարձ կստանա․ Սուրեն Պապիկյան

Մանրամասներ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները՝ նշելով, որ դրանք միտված են պայմանագրային զինծառայության գրավչությունը բարձրացնելուն։ Պայմանագրային զինծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար նախատեսվում է սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պլանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով։

«Նախագծերի համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր։ Պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնն զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը։ Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի ձեռքբերման օրվանից։ Իսկ ատեստավորման արդյունքում հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ։ Ատեստավորված և հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու կրկին ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,- ասաց Պապիկյանը։

Ատեստավորում անցնելու են բոլոր պայմանագրային զինծառայողները՝ սկսած շարքայինից մինչև գեներալ-գնդապետ։ Սուրեն Պապիկյանը մանրամասնեց, որ շարքային պայմանագրային զինծառայողը ատեստավորում անցնելուց հետո հնարավորություն կստանա 310 հազար դրամ մաքուր աշխատավարձ ստանալ։ Եթե տվյալ զինծառայողը նաև մարտական հերթապահություն է անցնում, այս գումարին ավելանում է ևս 80 հազար դրամ։ Սուրեն Պապիկյանը կոչ արեց օգտվել այս ծրագրից։ «Սա ՀՀ բանակը վերափոխելու և այն պրոֆեսիոնալ դարձնելու ծրագրի էական հատվածն է։ Եվ ես կոչ եմ անում մեր այն հայրենակիցներին, ովքեր Զինված ուժերում ծառայել են որպես պայմանագրային, ծառայել են, այսօր գտնվում են պահեստազորում, օգտվել այս կարևոր հնարավորությունից, մաս դառնալ բանակաշինությանը, մաս դառնալ պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը։ Պաշտպանության նախարարությունը, կառավարությունը այսօր ստեղծում են բոլոր հնարավորությունները, նաև լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու՝ սպաների, պայամանագրայինների ընտանիքների համար սոցիալական նոր երաշխիքների փաթեթների ընդունման ուղղությամբ։ Կարևոր է արձանագրել, որ զինծառայողի ապահովությունը, նրա ընտանիքի ապահովությունը պետության ուշադրության և հովանու ներքո է»։