Հաղթանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ մեր փառահեղ հաղթանակների և ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու, և միասին կառուցելու ենք ավելի հզոր և խաղաղ Հայաստան:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում: Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:
ՀՀ երրորդ նախագահը նկատել է՝ շուրջ 8 տասնամյակ առաջ մեր հայրերն ու պապերը հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում, բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է:
«Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս: Հայրենական մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նաև ընդգծել է, որ տարիներ շարունակ մայիսի 9-ին նշել ենք նվիրական եռատոնը, սակայն տոներից երկուսը՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Նա վստահություն է հայտնել, ոչ ոչինչ անվերադարձ կորսված չէ, ունեցել ենք փառահեղ հաղթանակներ, և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ խոնարհվում է Հայրենիքի, հաղթանակի ու խաղաղության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների անմար հիշատակի առաջ: Շեշտել է, որ պետք է փառաբանել մեր բոլոր հերոսներին և նաև հանուն նրանց ձգտենք ու հասնենք նոր հաղթանակների։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։