ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախնական վեց ամիս ժամկետով կասեցրել է այն օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք փորձում են դառնալ Հարվարդի ուսանող կամ մասնակցել համալսարանի փոխանակման ծրագրերին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Թրամփը դա պայմանավորել է ազգային անվտանգության սպառնալիքներով։ Վեց ամիս հետո կասեցումը կարող է երկարաձգվել։
Հարվարդի համալսարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Թրամփի որոշումը և խոստանալով, որ կպաշտպանի իր միջազգային ուսանողներին։ Թրամփը նաև կոչ է անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Հարվարդի ներկայիս այն ուսանողների ակադեմիական վիզաները կամ փոխանակման վիզաները չեղարկելու հարցը, որոնք համապատասխանում են իր հրահանգում սահմանված չափանիշներին:Ավելի վաղ Բոստոնի դաշնային դատավորը հայտարարել էր, որ կհրապարակի արգելանք՝ թույլ չտալով ԱՄՆ վարչակազմին չեղյալ համարել Հարվարդի հնարավորությունը՝ ընդունելու օտարերկրյա ուսանողների, որոնք կազմում են համալսարանի ուսանողական կազմի մեկ երրորդը։
Թրամփի վարչակազմը մի շարք քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի ամենահին և ամենահարուստ համալսարանի դեմ՝ սառեցնելով միլիարդավոր դոլարի դրամաշնորհներ և այլ ֆինանսավորում և առաջարկելով դադարեցնել համալսարանի՝ հարկերից ազատված կարգավիճակը։
Հարվարդում պնդում են, որ վարչակազմը վրեժխնդիր է լինում, քանի որ իրենք հրաժարվել են տեղի տալ Սպիտակ տան պահանջներին՝ վերահսկելու համալսարանի կառավարումը, ուսումնական պլանը և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների գաղափարախոսությունը։
Հարվարդը դատարան է դիմել այն բանից հետո, երբ մայիսի 22-ին Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմը հայտարարեց, որ իր գերատեսչությունն անհապաղ չեղարկում է Հարվարդի Ուսանողների և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագիրը, որը թույլ է տալիս ընդունել օտարերկրյա ուսանողներին: Դատավորը ժամանակավորապես արգելափակել է գերատեսչության որոշումը։