ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ Ժնևում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը:
Fox News-ի եթերում նա հայտարարել է, որ այդպիսի հանդիպումը հնարավոր կլինի, երբ ՌԴ-ն փոխանցի խաղաղության համար իր պայմանները: Ընդ որում, հստակեցվում է, որ Ուկրաինան իր պայմաններն արդեն փոխանցել է։
«Երբ մենք այս ամենը կազմենք, ևս մեկ հանդիպում կլինի։ Մենք կարծում ենք, որ այն հավանաբար կկայանա Ժնևում։ Մենք կուզեինք այն անցկացնել Վատիկանում, բայց ռուսները չէին ուզում այնտեղ գնալ։ Այնպես որ, Ժնևը կարող է հաջորդ կանգառը լինել, որտեղ կհանդիպեն բոլոր երեք գլխավոր առաջնորդները՝ Պուտինը, Զելենսկին և Թրամփը»,-ասել է Քելոգը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս նաև Վատիկանի օգտին՝ որպես բանակցությունների հնարավոր այլընտրանքային հարթակ:
Ընդ որում, ավելի վաղ Քելոգը հայտարարել էր, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները «պետք է հետագայում ևս ճնշում գործադրեն» Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: