Ֆրանսիան և Վիետնամը ստորագրել են Airbus ինքնաթիռների, պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր, որոնց արժեքը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Համաձայնագրերը ստորագրվել են նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հանոյ այցի շրջանակում, որի նպատակն է ԱՄՆ-ի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերի ռիսկերի ֆոնին մեծացնել Ֆրանսիայի ազդեցությունը նախկին գաղութում։
Մակրոնը նշել է, որ իր այցի ընթացքում Վիետնամում ստորագրել է 9 միլիարդ եվրոյի (10,25 միլիարդ դոլար) համաձայնագրեր։
Դրանք վերաբերում են 20 Airbus ինքնաթիռների գնմանը, միջուկային էներգիայի, պաշտպանության, երկաթուղային և ծովային տրանսպորտի, Airbus-ի Երկրի դիտարկման արբանյակների և Sanofi պատվաստանյութերի ոլորտում համագործակցությանը։
Այցը նշանակալից է նաև այն առումով, որ գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ է Ֆրանսիայի նախագահ այցելում Վիետնամ։
Ընդհանուր առմամբ, ստորագրվել է 14 համաձայնագիր՝ չնայած Ելիսեյան պալատն այցից առաջ ավելի մեծ թիվ էր ասել, սակայն պաշտոնյաներից մեկի խոսքով՝ մայիսի 27-ին ակնկալվում է ավելի շատ համաձայնագրերի մասին հայտարարություն։
Մամուլի համար արված հայտարարություններում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը նավարկության ազատությանը, ինչը Վիետնամի համար չափազանց կարևոր հարց է, քանի որ երկիրը Հարավչինական ծովում վիճելի սահմանների պատճառով հաճախ բախվում է Պեկինի հետ։
Վիետնամի նախագահ Լուոնգ Կուոնգն իր հերթին նշել է, որ պաշտպանական գործընկերությունը ներառում է «ռազմավարական հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում» և պաշտպանական արդյունաբերության, կիբերանվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում ավելի ուժեղ համագործակցություն։
Ֆրանսիան մոտ 70 տարի կառավարել է Վիետնամը, մինչև 1954 թվականին դուրս է մղվել երկրի հյուսիսում գտնվող Դիեն Բիեն Ֆու քաղաքի մոտ կրած խոշոր պարտությունից հետո։ Վերջին տասնամյակներում կապերը բարելավվել են՝ նախորդ տարի հասնելով ամենաբարձր մակարդակի։