Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of Georgia քարտ ունեցող ռուսաստանցիները կարող են խնդիրներ ունենալ 300 եվրոյից ավելի արժողությամբ գնումների դեպքում, հաղորդում է Новости-Грузия-ն։
Հաճախորդների համար նախատեսված ուղեցույցում նշվում է, որ սահմանափակումները մտցվում են ըստ միջազգային պատժամիջոցների։ Որոշ բարձրակարգ արտասահմանյան մանրածախ առևտրի կետերում, 300 եվրո/ԱՄՆ դոլար/բրիտանական ֆունտ ստերլինգ գերազանցող գումարներով Bank of Georgia քարտերով վճարելիս, «վճարման տարբերակները սահմանափակ կլինեն»,-ասված է հաղորդագրության մեջ։Բանկը խնդրում է կապ հաստատել իր հետ բնակության վայրի փոփոխության դեպքում, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Formula հեռուստաալիքը հաղորդում է, որ տեղեկությունը հաստատել է բանկը։
«Bank of Georgia-ն կատարել է և շարունակում է կատարել Միացյալ Նահանգների, Եվրամիության և Միացյալ Թագավորության կողմից սահմանված պատժամիջոցները», -հայտարարել է Վրաստանի Բանկը։
Bank of Georgia քարտերի սահմանափակումները կգործեն ոչ միայն Վրաստանում, այլև ցանկացած երկրում, որտեղ հաճախորդը կփորձի վճարել Visa կամ Mastercard քարտերով։
Լրատվամիջոցները նշում են նաև, որ սա նախադեպ է. պատժամիջոցները մտցվել են դեռևս 2022 թվականին, բայց առաջին անգամ դրանց կիրառումը կհսկի բանկը։
Վճարային համակարգերը տեսնում են, թե որ խանութում է անձը գործարք կատարել՝ հիմնվելով վաճառողի MCC կոդի վրա։ Այս նույնականացուցիչները նույնն են ամբողջ աշխարհի ընկերությունների համար, ինչը նշանակում է, որ BoG քարտի սահմանափակումները կգործեն ոչ միայն Վրաստանում, այլև ցանկացած երկրում, որտեղ հաճախորդը փորձում է վճարել Visa կամ Mastercard քարտերով։ 2022 թվականի մարտին ԵՄ-ն արգելեց Ռուսաստան մատակարարել 300 եվրոյից ավելի արժողությամբ ավտոմեքենաներ և շքեղության ապրանքներ։ Նման ապրանքներն արգելված են վաճառել Ռուսաստանում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ «Ռուսաստանում օգտագործելու համար», գրում է forbes.ru-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանն արգելել է ավտոմեքենաների և հատուկ սարքավորումների վերաարտահանումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։
Մինչ այժմ Ռուսաստան և Բելառուս վերաարտահանումն արգելված էր, սակայն այդ երկրների քաղաքացիները կարող էին կազմակերպել ավտոմեքենաների արտահանումը Վրաստանից երրորդ երկրներ։ Այդ հնարավորությունը արդեն բացառված է։ Մայիսի 15-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ։